Արժեքների խեղաթյուրման գործընթացը որքան ցավալի է, այդքան էլ հետաքրքիր է: Հետաքրքիր է առաջին հերթին իր արհեստավարժ կազմակերպվածությամբ: Վերջերս շատ ավելի հաճախ եմ լսում, որ տրանսպորտում աղջիկներին, կանանց, նաև հղի կանանց տղամարդիկ տեղ չեն զիջում: Իմ սերնդի ներկայացուցիչներից շատերի համար սա առնվազն անախորժ երևույթ է, քանի մեր դաստիարակության մեջ թույլ սեռի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի արտահայտումը առաջնային է եղել: Բայց մեզնից տարիքով ավելի փոքրերի ուղեղները հավեսով լվացել են սեռերի հավասարության մասին հիմար ու անտեղի քարոզներով: Այդ պատճառով էլ ասենք 15-20 տարեկան տղաները երթուղայինում կանգնած կնոջը տեսնելիս մտածում են "եթե մենք ամեն ինչում արդեն հավասար ենք, էլ ինչի պիտի ես իրան տեղ տամ": Տրամաբանական է, ինչ խոսք: Իհարկե սա չի կարելի ասել բոլոր երիտասարդների մասին, ինչպես և ոչ բոլոր տարիքովներն են կնոջը հարգում: Ասածս այն է, որ կինն ու տղամարդը լիարժեք հավասար չեն, բայց այդ անհավասարությունը բնավ ի վնաս կնոջ չէ: Կյանքի որոշ ասպարեզներում էլ կինը կարող է տղամարդուց ավելի ուժեղ ու հնարամիտ գտնվել: Իսկ տրանսպորտում կնոջը տեղ զիջելով` տղամարդը փորձում է հասկացնել, որ նա ֆիզիկապես ավելի ուժեղ է, ունակ է կանգնած երթևեկել, հետևաբար հարգանք է ցուցաբերում ֆիզիկապես ավելի թույլ էակի նկատմամբ: Միթե դրանում ինչ-որ վատ կամ ժամանակավրեպ բան կա: Ամեն դեպքում ինչքան էլ կինը ավելի ակտիվ է դարձել հասարակական կյանքում, այնուամենայնիվ չի կորցրել թույլ սեռի իր ֆիզիկական հատկությունները: Վերոնշյալ բացասական երևույթները սխալ և անտեղի քարոզչության ու դաստիարակության արդյունք են: Որովհետև կինը մնում է կին, իսկ տղամարդը` տղամարդ: Համենայն դեպս այդպես պետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել