Qahana.am-ը գրում է․
Ե՞րբ սկսվեց Նազենի Հովհաննիսյանի հոգևոր կյանքը:
Իմ հոգևոր կյանքն սկսվել է այն պահից, երբ ես դեռ սաղմնային վիճակում նոր հասունանում էի։ Մայրս հավատավոր կին էր, և ինձ սնել է ոչ միայն իր կաթով, հույզերով կամ գիտելիքներով, այլև՝ հավատքով։
Հոգևորի երկրորդ աստիճանն, անշուշտ, մկրտությունն էր, երբ դեռ պատանի էի։ Դե իսկ հասունությունն ու չափահասությունն իրենց հետ բերեցին արդեն գիտակից ու ճանաչողական հոգևորը։
Մեր օրերում որքանո՞վ են կիրառելի 10 պատվիրաններն: Հաճախ են խոսակցություններն այն մասին, թե 1700 տարի առաջ գրված պատվիրաններն այսօր գրեթե կիրառելի չեն:
Այսօր, առավել քան երբևէ, պետք է պահել պատվիրանները։ Համենայն դեպս, ձգտել հաստատ պետք է, թեև շատ բարդ է։ Ժամանակակից աշխարհում գայթակղություններն անասելի շատ են։ Բայց քանի որ մարդն Աստծո պատկերով է ստեղծված, ուրեմն պետք է ձգտի կատարելության...
Հավատքի, մարդ լինելու և պատվիրանների բանաձևը նույնն է: ժամանակի ընթացքում այս բանաձևումները միայն ամրապնդվում են ու հաստատում իրենց ճշմարտացիությունը:
Բարեգործությունն օգնությո՞ւն է, թե՞ հոգեվիճակ:
Բարեգործությունն օգնություն է առաջին հերթին ինքդ քեզ։ Այն օգնում է պահպանել առողջությունն ու ունենալ կայուն հոգեվիճակ։ Բարեգործությունը, մտքում ասված աղոթքի պես, ամեն օր պիտի ուղեկցի մարդուն։ Մարդ մնալու արվեստն է բարեգործությունը։
Հայ Եկեղեցու դերը հայ հասարակության մեջ:
Հայոց եկեղեցու դերը պատմականորեն շատ է մեծ եղել, և այսօր էլ այն անփոխարինելի է։ Կրկնակի ուժեղ է Եկեղեցին, երբ գործում է Պետության հետ մեկտեղ։ Իսկ եռամիասնության սրբազան շրջանը եզրափակում է հավատավոր ժողովուրդը՝ իր հավատքով անընդմեջ նորոգելով Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ ու ազգապահպան շտեմարան:
Qahana.am կայքը 13 տարեկան է: Կայքին ճանաչում եք, երբ այն դեռ «մանկահասակ» էր: Պատանեկության շեմին, որքանո՞վ է նրա կարևորությունը:
Qahana.am կայքը թեև դեռահաս է, բայց շատ հասուն՝ իր ասելիքով, գործողությամբ, և համակարգված աշխատանքով։ Կայքի գոյությունն առավելապես կարևորում եմ անհավատի համար, անիրազեկ կամ կիսագրագետ հավատացյալի համար: Կայքը շատերի համար հասանելի է դարձնում թաքնված, բազմաշերտ հոգևոր աշխարհը: Այն յուրօրինակ մի կամուրջ է ժամանակակից ու հոգևոր աշխարհների միջև։ Ես սիրով, պարբերաբար օգտվում եմ Qahana.am–ից՝ քահանաների խորհուրդներից, տոնացույցից և այլն։
Qahana.am-ին մաղթում եմ ընթերցողների մեծ բանակ, քանզի այն ունի ներգործություն: Ներկայումս, մարդիկ առավելապես «ապրելով» վիրտուալ տիրույթում, կարիքն ունեն շփման, խոսքի՝ անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է Խոսքը գտնում իր հասցեատիրոջը՝ հավատացյալին։