Հայ իրականության նորաձևության արդի դրսևորումներից է հայրենասիրության որոշակի ստանդարտներ սահմանելը: 
Այդ ամենը կատարվում է խմբային կամ կլանային սկզբունքով, այսինքն՝ որոշակի խմբեր կոնկրետ խաղի կանոններ են սահմանել. իսկ ով դուրս է այդ տրամաբանությունից, նա հայտարարվում է անբարեհույս տարր՝ օստրակիզմի դատարանի սկզբունքով:
Իսկ ի՞նչ է պետք անել իսկական հայրենասեր լինելու համար
1.Կրծքերը զարդարել անմոռուկներով:
2.Այրել թուրքական դրոշը:
3.Լինել նժդեհական և օրը հարյուր անգամ ցիտել նրա մտքերը:
4.Օրինակի համար պարել յարխուշտա և դրա ընթացքում մտովի արյան լճեր գոյացնել Բաքվում: 
5.Կարոտած նայել Մասիս սարին և սպասել Փոքր Մհերի վերադարձին։
6.Ամեն հարմար առիթի դեպքում բարբաջել հայերի՝ տիեզերական եզակի արարածներ լինելու մասին:
7.Ներկայիս երազանքները փնտրել և գտնել անցյալում՝ մասնավորապես նախաքրիստոնեական շրջանում, ու միևնույն ժամանակ բռնաբարել պատմությունը:
8.Իսկական հայրենասերը պետք է զգուշանա ջհուդա-մասոնական դավադրություններից, քանզի նրանք ծրագրել են ոչնչացնել Հայաստանը: 

Զավեշտների այս շարքը, իհարկե, կարելի է անվերջ շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, քանզի սա էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հայրենասիրական անհագ պոպուլիզմը: 

Իսկ եթե սա պոպուլիզմ է, ապա ո՞րն է իրական հայրենասիրությունը: Բարեբախտաբար, չեմ կարող ասել, չեմ էլ փորձի, հակառակ դեպքում կդառնամ այն ամենօրյա էժանագին քարոզ կարդացողներից մեկը: Դա ավելի շատ ինդիվիդուալ փնտրտուքի և կոնկրետ առարկայական գործընթացի արդյունք է: 
Հիսուս Նազովրեցին մոտավորապես ասել է. «Աջ ձեռքը չպետք է իմանա ձախ ձեռքով արված բարեգործության մասին»: 
Այսինքն՝ ձեզ մի փոքր համեստ պահեք, հատկապես պետությանը վերաբերող հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել