Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչն են հանդիսանում: Նման մի ժամանակաշրջան է ապրում օրվա հայությունը: Երբեք, հա՛յ երիտասարդություն, մեր ազգն ու ազգայնությունը այնքան լրջորեն վտանգված չեն եղել, որքան այսօր: Ինչպես և երբեք մեր ժողովուրդն այն աստիճան պառակտված ու տկարացած չի եղել, ինչպես այժմ:
Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում են ամեն ինչ, որ գալիք աղետը, որ դամոկլյան սրի նման կախված է իր գլխին, որ վաղվա աղետը լինի անչափելիորեն մեծ, անդիմագրավելի և անդարմանելի, որ դա լինի «իններորդ ալիքը» մեզ համար: Մենք պառակտված ենք: Իսկ նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին իրական, թե հավանական վտանգի վրա: Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները: Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա, նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտությանը: Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և
ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն: Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն: Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն: Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչո՞ւ աշխարհն անտարբեր է մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչո՞ւ մենք սպեղանու ենք սպասում, բայց նորանոր վերքեր ենք ստանում:

Մի ուրիշ Գարեգին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել