Նոյյան տապանի մասունքը (մասնատուփը` 1698թ.)
Պատմության համաձայն` Նոյյան տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին Դ դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյյան Տապանը: Եվ ահա մի օր` լուսաբացին, եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին, ձեռքը գավազան վերցրեց, խաչակնքեց ու ճանապարհ ընկավ Նոյի հետքերով: Բայց բարձրանալ սուրբ լեոան վրա նա չկարողացավ: Հենց առաջին հանգստյան տեղում չափից դուրս հոգնած ու հյուծված Հակոբը պառկեց խոտերին, գլուխը դրեց տաքուկ քարին ու քնեց: Իսկ երբ արթնացավ, հայտնաբերեց, որ ինքը գտնվում է Արարատի ստորոտի սկզբում: Հակոբը խաչակնքվեց ու նորից սկսեց բարձրանալ դեպի Արարատի գագաթը: Երեք անգամ բարեպաշտ անապատականը փորձեց բարձրանալ խորհրդավոր գագաթը` Նոյի տապանը հայտնաբերելու համար: Եվ ամեն անգամ ճանապարհին ուժասպառ էր լինում ու, չհասնելով գագաթին, քնում էր քարերի վրա: Եվ նորից արթնանում էր լեռան ստորոտի սկզբում, այնտեղ, որտեղից սկսում էր իր արշավը: Տեսնելուվ սուրբ Հակոբի անարդյունք ջանքերը՝ Աստված ուղարկեց նրա մոտ մի հրեշտակի, որը հայտնեց, թե բարձրանալ սարը պետք չէ: Որպես հավատի ու համբերության հատուցում՝ Աստված ուղարկում է սրբին տապանի մի կտորը: Երբ որ սուրբ Հակոբը արթնացավ, նա իր գլխի տակ գտավ քարացած փայտի այդ կտորը: Տեսնելով այդ փայտի կտորը՝ Հակոբը որոշեց, որ պետք չէ գայթակղել նախատեսումը և վերադարձավ՝ իսկության անգին վկայությունր ձեռքին: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր, բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, Դ դարում հիմնվեց Ս. Հակոբ վանքը:
Հայոց հողով անցնելով՝ Ս. Հակոբը սրբազան մասունքը թողեց Հայ Եկեղեցուն, որտեղ և այն առ այսօր պահվում է: Իսկ մի մասնիկ այս մասունքից հայոց հայրապետների կողմից ընծայվեց Ռուսաց Եկատերինա կայսրուհուն՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=439621469434471&set=a.129580130438608.21406.100001598644661&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել