Ի՞նչ է աղոթքը

Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդն է: Եթե ամեն օր չաղոթենք, ապա հոգին կհիվանդանա եւ կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է: Աղոթելիս մարդ շնորհներ է ստանում: Աղոթքը սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց աղոթքի ոչ մեկը չի կարող փրկվել:

Ի՞նչ իմաստ ունի աղոթք բառը

«Աղ»- աղաչանք, «ոթք» – հարաժամ: Այսինքն՝ աղոթք նշանակում է հարաժամ աղաչանք Աստծուն:

Ի՞նչ միջոցներով է կատարվում աղոթքը

Աղոթքը կատարվում է սրտով, լեզվով եւ ձեռքերով: Ուստի դրանք սուրբ պիտի պահենք, որովհետեւ սուրբ աղոթքներն են, որ լսելի են լինում Աստծուն: Ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու՝ ձեռքերի սրբությունն (Ա. Տիմ. 2:8) այն է, որ դրանք մաքուր պահենք ագահությունից, արյուն թափելուց, գողությունից: Լեզվի սրբությունն այն է, որ լեզուն զերծ պահենք բարկությունից, հայհոյանքից, աղաղակներից: Սրտի սրբությունն այն է, որ սիրտը մաքուր պահենք ամեն տեսակի մեղքերից, չար խորհուրդներից, որովհետեւ սիրտը Սուրբ Հոգու տաճարն է:

Ի՞նչ տեսակի են լինում աղոթքները

Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են դավանական, փառաբանական, զղջման, ապաշխարության, բարեխոսական: Ըստ նշանակության՝ խնդրանքներ, օրհնություններ, գոհություններ:
Խնդրանքները գործած մեղքերի համար գթության եւ ողորմության աղերս են:
Օրհնություններով եւ գոհություններով խնդությամբ գոհանում ենք մեր երկնավոր Հորից եւ օրհնում Նրան իր բոլոր գործերի համար:
Աղոթքը լինում է անձնական եւ ընդհանրական: Անձնական աղոթքը կարող ենք կատարել ամեն ժամ եւ ամենուրեք, իսկ ընդհանրական աղոթքը` որոշակի ժամերի եւ միայն եկեղեցում, որովհետեւ եկեղեցին ընդհանրական աղոթքների վայրն է:
Անձնական աղոթքով մեր սերն ենք հայտնում Աստծուն, իսկ ընդհանրական աղոթքով մեր պարտքն ենք վերադարձնում նրան:

Ի՞նչ է ասել Հիսուսն աղոթքի մասին

Հիսուս պատվիրում է մեզ հաճախակի աղոթել, աղոթել հանապազ եւ անդադար (Մատթ. 5:17, Ղուկ. 18:1, 21:36, Եփես. 6:16):

Ո՞րն է ճշմարիտ աղոթքի հիմքն ու սկիզբը

Ճշմարիտ աղոթքի հիմքը եւ սկիզբը Աստծուն փառաբանելն է: Սբ. Բարսեղ Կեսարացին աղոթքի մասին ասում է. «Աղոթք սկսելով` թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը ու բարձրացիր երկնքից էլ վեր, թող երեւելի ու աներեւույթ ամեն արարածի եւ սկսիր փառաբանել ամենքի Արարչին»:
Ողջ տիեզերքն է փառաբանում Աստծուն, երկնային զորություններն են անդադար փառաբանում Աստծուն, մեր փառաբանություններով մասնակից ենք դառնում առ Աստված նրանց փառաբանությանը: Դա հաստատում է մեր հավատքը, աճեցնում ու ավելացնում այն: Ինչ վիճակում էլ մարդ գտնվի` առողջ, թե հիվանդ, հաջողության, թե փորձության մեջ, մշտապես պետք է փառաբանի, գովաբանի ու օրհնի Աստծուն: Սա է ճշմարիտ աղոթքը:

Աղոթքը քրիստոնեության մեջ

Քրիստոնեական հավատի համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականն է Սուրբ Հոգին. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26): Նոր Կտակարանում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը: Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7): Ըստ եկեղեցու հայրերի ուսուցումների՝ աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.): Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն:
Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմն. խորհուրդներ՝ վերցված Աստվածաշնչից և եկեղեցու հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքը՝ որպես կատարելության հասնելու միջոց: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ աղոթքի «սրբությունները» երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ):
Կան անհատական և հրապարակային կամ հասարակական աղոթքներ: Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու: Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս,  կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանաբանական, բարեխոսական ևն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»:
Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում: Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում: Արևելքն իր հոգևոր և կրոն. հասկացությամբ խորհրդապաշտ. բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի  բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը:
Քրիստոնյաների համար ամենատարածված աղոթք կարելի է համարել «Հայր Մեր»-ը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել