Ամեն անգամ այն համոզումն եմ ունեցել, որ եթե մենք ինքներս մեր մասին չմտածենք, ոչ ոք մեր մասին չի մտածի։ Այսինքն, քաղաքականության մեջ ոչ ոք հանուն ուրիշի շահի չի զոհաբերի իր զինվորներին։ Հարկ է լինել ուժեղ, ոչ թե անձնական գրպանի ծանրությամբ, այլ միասնական ուժի զորությամբ, որ ուրիշների հետ խոսենք հավասարն ընդ հավասարի, սակայն ոչ երբեք որպես թույլ հավաքականություն, որը հայցի, խնդրի, ինչու չէ՝ մուրա այլոց ողորմությունը։ Պահանջում են նրանք, ովքեր ուժեղ են, թույլերը կարող են միայն խնդրել, իսկ խնդրողին տալիս են, եթե շահագրգիռ են ինչ-որ բանով…
Կարդանք և մտածենք, թե ինչ է քաղաքականությունը, ուր ոչ ոք ոչ մեկի չի սիրում, այլ մտածում է նրան քամելու մասին։

ՄՈՍԿՎԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ԹԵ ՈՎ Է ԿԱՆԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ 
Ռուս հայտնի փորձագետ, Կրեմլի քարոզիչ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Ղարաբաղյան պատերազմի հրադադարի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ, որում գրում է. «Երբ 1993-94 թթ. ձմռանը Ադրբեջանը մասշտաբային հարձակում ծավալեց ղարաբաղյան ճակատի ողջ երկայնքով, հենց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային, և ոչ թե եվրոպական կառույցներին կամ ԱՄՆ-ին հաջողվեց խանգարել հայկական զորքերին դուրս գալ Կուր գետ և հարցականի տակ դնել ընդհանրապես Ադրբեջանի պետականության գոյությունը»:
Տարասովը գրում է բացարձակ ճշմարտությունը, իհարկե, «մոռանալով» նշել մի շարք հանգամանքներ: Նախևառաջ, որ ղարաբաղյան պատերազմը հրահրել են ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպական կառույցները, այլ Ռուսաստանը, որը ցանկանում էր փակել «ղարաբաղյան թեման»: 1990-ականների սկզբին Ռուսաստանը երկու ռազմական արշավանք կատարեց Ղարաբաղի հայերի դեմ, որի արդյունքը եղան տասնյակ հայկական բնակավայրերի ոչնչացումը և հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունը:
Ղարաբաղցիները հասկացան՝ ինչն ինչոց է, և սկսեցին դիմադրությունը՝ Ստեփանակերտից ռուսական գունդը հեռացնելով և զենքը վերցնելով: Դրանից հետո հայկական կողմը հաղթանակներ տարավ, մինչև Տարասովի նշած ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը կրկին ձեռնամուխ եղավ Ադրբեջանին փրկելու գործին:
Հրադադարից առաջ տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններն իսկական մսաղաց էին թե՛ հայերի և թե՛ հատկապես ադրբեջանցիների համար: Հատկապես հարավում՝ Հորադիզ կայարանի շրջանում, եղան պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ զոհերը: Այդ ժամանակ ռուսական հետախուզությունը Հեյդար Ալիևի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել «մսաղացին», որպեսզի հայկական հաղթարշավը կանգնեցնեն, միաժամանակ ադրբեջանցիներին համոզեն, մեծ զոհերի գնով, որ պատերազմը պետք է կանգնեցնել:
Ի դեպ, ռուսական հետախուզությունը հայկական որոշակի շրջանակների հետ համատեղ փորձում էր խուճապ գցել հայկական ստորաբաժանումների ու ընդհանրապես հանրության մեջ: Հիմնական թեզը հետևյալն էր՝ «Ալիևը համաձայնվել է ռուսական պահանջներին, իսկ ռուսները նրան խոստացել են օգնել հայերից տարածքներ խլել»: Այս հնարքը, պետք է ասել, իր ազդեցությունը գոնե սկզբնական շրջանում ունեցավ:
Այսպիսով, Մոսկվան և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը փրկեցին Ադրբեջանին լիակատար ջախջախումից: 20 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարը:
Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, և ռուսները երբեք չեն ներելու Ղարաբաղի հաղթանակը: Բանն այն է, որ այդ հաղթանակը ձեռք բերվեց առանց Մոսկվայի թույլտվության ու մասնակցության, ավելին՝ հակառակ Մոսկվայի կամքի: Դա աններելի «շռայլություն» է, քանի որ հայերը հանկարծ կարող են հասկանալ ամենակարևորը՝ որ առանց Ռուսաստանի իրենք ուժեղ են ու հաղթող, իսկ Ռուսաստանի հետ լինելը սպառնում է մարդկային ու տարածքների կորուստներով:
Ներկայումս իրավիճակը հանգել է գրեթե նույն կետին՝ այն իմաստով, որ Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել Արևմուտքի հետ ինտեգրման կուրսից և վերադառնալ ռուսական տարածություն: Այստեղ Ադրբեջանին իսկապես գրկաբաց են սպասում բոլորը, որոնց համար Բաքուն գործընկեր է, և զենքի հիմնական սպառող՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը՝ ի տարբերություն Հայաստանի, որն ընդամենը «մանրադրամ» է այս գործընթացներում: Իսկ այդ վերադարձը, հասկանալի է, թե ում և ինչի հաշվին է փորձ արվելու ապահովել:
Տարասովն իր հոդվածն ավարտում է՝ հիշեցնելով, որ պատմությունը պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում: Իսկապես, հայերը շատ դասեր պետք է քաղեն և ոչ միայն Ղարաբաղի պատերազմից: 

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր Լրագիր.ամ
Մեկնաբանություն - 12 Մայիսի 2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել