*Բերանը ողողելու հեղուկ, սովորական և հեղուկ օճառ, լոգանքի գել. վնասակար նյութը՝ տրիկլոզան
Թեև ատամնաբույժները սովորաբար խորհուրդ են տալիս բերանը ողողելու հեղուկ օգտագործել, այն ոչ միշտ է մեր առողջությանը միայն օգուտ տալիս: Հակառակը՝ այդ հեղուկների մեծ մասը պարունակում է տրիկլոզան: Իսկ այդ մանրէասպան միջոցը, որը մի ժամանակ լայնորեն գովազդվում էր, գիտնականների կարծիքով վնասակար է մարդու օրգանիզմի համար: Չէ՞ որ տրիկլոզանն անխնա ոչնչացնում է ինչպես վնասակար, այդպես էլ օգտակար մանրէները՝ օրգանիզմին թողնելով գրեթե անպաշտպան: Ավելին՝ այդ նյութը, կուտակվելով հյուսվածքներում, ի վիճակի է առաջացնել լորձաթաղանթը գրգռող ալերգիկ ռեակցիաներ և նույնիսկ հորմոնային խանգարումներ: Տրիկլոզան հաճախ պարունակում են նաև հեղուկ օճառը, գելերը և լվացող մյուս միջոցները:
Ելքը. օգտվել տրիկլոզան չպարունակող, բնական հակասեպտիկ բաղադրիչների հիմքով պատրաստված լվացող միջոցներից և բերանի ողողման հեղուկներից:
*Պահածոյի բանկաներ և պլաստիկ շշեր. վնասակար նյութը՝ բիսֆենոլ Ա: Թիթեղե բանկաները, որոնցով սովորաբար վաճառվում են պահածոյացված ոլոռը, եգիպտացորենի հատիկները, լոբին և այլ մթերքներ, պարունակում են վտանգավոր բիսֆենոլ Ա նյութը: Դեռ անցած դարի կեսերին գիտնականները պարզել են, որ դա սինթետիկ էստրոգեն է, որը կարող է առաջացնել օրգանիզմի աշխատանքի լուրջ խանգարումներ: Պահպանման ընթացքում բիսֆենոլն անցնում է այն մթերքին, որը լցված է բանկայի մեջ, իսկ հետո էլ հայտնվում է մեր ստամոքսում: Այդ թունավոր նյութը հայտնաբերվել է նաև որոշ պլաստիկ շշերում, այդ թվում՝ մանկական սննդի շշերում: Վերջին դեպքում բիսֆենոլ Ա-ի վտանգն առանձնապես մեծ է, քանի որ մանկական սնունդը հաճախ են տաքացնում, իսկ տաքացնելիս նյութն ավելի թունավոր է դառնում:
Ելքը. գնել ապակե տարաներում և շշերում պահածոյացված բանջարեղեն, մանկական սնունդ և այլ մթերքներ:
*Զուգարանակոնքի մաքրման միջոցներ. վնասակար նյութը՝ նատրիումի հիպոքլորիտ
Զուգարանակոնքի համար նախատեսված մաքրող ու ախտահանիչ միջոցները սովորաբար պարունակում են նատրիումի հիպոքլորիտ՝ թունդ թթվեցնող, որի բաղադրության մեջ կա 95,2 տոկոս ակտիվ քլոր: Զուգարանակոնքին դա գուցեև օգուտ է, չէ՞ որ նատրիումի հիպոքլորիտն ի վիճակի է վերացնել նույնիսկ ամենակայուն կեղտաբծերը: Բայց մարդու համար այդ թույնը շնչելը վտանգավոր է, մանավանդ եթե մաքրող միջոցի բաղադրությունում կա նաև ամոնիակ: Շնչառական ուղիների գրգռում, կարմրություն և աչքերի այտուցվածություն, ալերգիկ ռեակցիաներ՝ սրանք են նման միջոցների կիրառման ամենատարածված հետևանքները:
Ելքը. զուգարանակոնքերը լվանալ հին ձևով՝ լցնելով ասենք սոդա, վրայից՝ քացախ (կարելի է օգտագործել նաև օրգանական բաղադրությամբ պատրաստի մաքրող միջոցներ):
*Պատուհանների ապակիների լվացման միջոցներ. վտանգավոր նյութը՝ ամոնիակի հիդրատ
Պատուհանների ապակիների լվացման միջոցների մեծ մասի մեջ պարունակվում է ամոնիակի հիդրատ: Եթե այդ նյութը հայտնվի մարդու օրգանիզմում՝ կարող է հանգեցնել գիտակցության կորստի և նույնիսկ մահվան, էլ չասենք այնպիսի հաճախակի հետևանքների մասին, ինչպիսիք են շնչառական ուղիների և լորձաթաղանթի գրգռումը: Եվ չնայած մաքրող միջոցներում ամոնիակի հիդրատը քիչ քանակությամբ է պարունակվում՝ ապակիները մաքրելիս դրա գոլորշիները շնչելն ամեն դեպքում օգտակար չէ:
Ելքը. պատուհանների ապակիները լվանալ բնական միջոցներով՝ ջրով և քացախով կամ օգտվել օրգանական լվացող միջոցներից:
*Օդը թարմացնող հեղուկներ. վտանգավոր նյութը՝ ֆտալատներ և ֆորմալդեհիդ
Օդը թարմացնող բոլոր միջոցները՝ աերոզոլ, թե այլ ցողիչներ՝ պարունակում են ֆտալատներ՝ ֆտալաթթվի աղեր, որոնք հայտնվելով օրգանիզմում, խախտում են հորմոնային համակարգի աշխատանքը: Իսկ օրգանիզմում դրանք հայտնվում են, եթե օգտագործում ենք օդը թարմացնող միջոցները: Չէ՞ որ մենք շնչում ենք այդ օդը:
Օդը թարմացնող շատ միջոցներ պարունակում են նաև ֆորմալդեհիդ, որը քաղցկեղածին է:
Ելքը. քիմիական թարմացնող նյութերի փոխարեն օգտագործել բուրավետ մոմեր կամ լամպեր՝ բնական եթերայուղերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/819953908095806?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել