«Ես ինձ որպես ընդդիմադիր՝ զգում եմ որպես ապարանցի տղա», - «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ու սրտի ուզածի չափ քննադատել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ներդրումային մթնոլորտի բացակայությունը, աշխատատեղերի պակասն ու տնտեսական քաղաքականության պատասխանատու կառավարությանը:
Լյովա Խաչատրյանը, սակայն, չի ասել, թե մի քանի ամիս առաջ «որպես այլընտրանք» ինքն իրեն որտեղացի տղա էր պատկերացնում, երբ տրամագծորեն այլ կարծիք էր հայտնում կառավարության գործունեության և ակնկալվող արդյունքների մասին: Քանի որ տնտեսության իրական վիճակի մասին դիմադիր, ընդդիմադիր և այլընտրանքային կարծիքները, հատկապես, երբ դրանք հնչում են ոչ մասնագետների կողմից, հաճախ կողմնակալ են, օրվա լրահոսում ուշադրություն գրավեց մեկ ուրիշ, ճիշտ է ոչ ապարանցի, այլ եվրոպացի Սումա Չակրաբարտիի կարծիքը:
Սույն պարոնը զբաղեցնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի պաշտոնը և իր խոսքը հիմնավորում է այն աշխատանքով ու ստացված արդյունքներով, որ գրանցվել են համատեղ գործունեության, ներդրումային ծրագրերի իրականացման տվյալներով: Եվ, ուրեմն, պարոն Սումայի կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է լուրջ առաջընթաց, ինչը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին դրդել է ՀՀ կառավարության հետ քննարկել 2015-2018թթ. համագործակցության նոր ռազմավարության նախագիծը. մասնավոր հատվածի մրցունակության խթանում, կապիտալ շուկաների զարգացում, կայուն ծառայությունների զարգացում և այլն:
Ահա մի փոքրիկ դիտարկում, որ տեսանելի է եվրոպական ճանաչված բանկի պատուհանից:
Վիճակագրական ծառայության պատուհանից տեսանելի է 2.5 տոկոս տնտեսական աճ, որը ծանրակշիռ հիմնավորումներով տարվա ընթացքում ավելի է աճելու:
Մամուլի և տնտեսագետ-վերլուծաբանների դիտանկյունից անցած մեկ տարվա ընթացքում ներդրումներն անցել են մեկ միլիարդ դոլարի սահմանը, ինչը ոմանք նույնիսկ շատ և ռիսկային են գնահատում:
Խնդիրն այն է, թե որտեղից, ինչպես և ինչ դիրքերից ես գնահատում երկրի տնտեսական վիճակը, որն, անշուշտ, նաև արտաքին գործոններով պայմանավորված, լավագույն ժամանակները չի ապրում, սակայն լուրջ քայլեր են արվում իրավիճակը շտկելու և առաջընթաց ապահովելու համար:
Քննադատել և պահանջել կարող են բոլորը: Սակայն յուրաքանչյուրի, առավել ևս գործարարի և պատգամավորի խնդիրն է նաև սեփական օրինակով ցույց տալ, թե անձամբ ինքն ինչ արդյունքների է հասել:
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի պատուհանից, տնտեսության մռայլ պատկերից բացի, մեկ ուրիշ ուշագրավ տեսարան էլ է բացվում՝ ավանակների ինքնատիպ արձաններով: Այս գործում ապարանցի տղան իսկապես հաջողել է, ուստի որպես հետգրություն նրան փոխանցենք ավստրիացի մեծանուն գրող Ֆրանց Վերֆելի տողերից մեկը. «Լեռնային կածանով ծանր բեռի տակ կքած անցնում էր ավանակը՝ կենդանական աշխարհի այդ անմխիթար պրոլետարը»: