Խոպան գնալու ավանդույթը բնորոշ չէ միայն հայերին, և եթե ուսումնասիրենք այլ պետությունների ներքաղաքական իրավիճակները, ապա կնկատենք, որ այս երևույթը բավականին տարածված է ներկա իրավիճակում. մասնավորապես՝ հետխորհրդային գրեթե բոլոր պետությունների քաղաքացիներն արտագնա աշխատանքի են մեկնում այլ պետություններ:
Օրինակ՝ վերջին տարիներին Լատվիայից մոտ 1.5 մլն քաղաքացիներ արտագնա աշխատանքի են գնացել հիմնականում Իռլանդիա և Իսլանդիա, որը կազմում է պետության բնակչության 30 տոկոսից ավելին, Դուբայում աշխատում են միլիոնից ավել հնդիկներ, պակիստանցիներ և չինացիներ, Ուկրաինայից արտագնա աշխատանքի են մեկնել հիմնականում Լեհաստան, Ռուսաստան և այլ երկրներ 3 միլիոնից ավել քաղաքացիներ:
Նույնիսկ եվրոպական պետություններում կա նման խնդիր: Օրինակ՝ Պորտուգալիայից կամ Ռումինիայից արտագնա աշխատանքի են մեկնել կես միլիոնից ավել քաղաքացիներ և այլն:
Ուզում եմ ընդգծել, որ խոպան գնալու ավանդույթը զուտ հայկական երևույթ չէ և չի կարելի համարել, որ մենք խոպանչի ժողովուրդ ենք. սա ուղղակի աշխատանք գտնելու շատ կիրառական մոդել է, և շատ բնական է, որ պետությունները ձգտում են իրենց քաղաքացիների՝ այլ երկրներում աշխատելու արդյունքում լցնել նաև պետական գանձարանը՝ չկպնելով խոպան գնացող քաղաքացիների գրպանին:
Ի դեպ, պետք է նշեմ, որ ամենամեծ խոպան ունեցող պետությունը Չինաստանն է՝ շատ հասկանալի պատճառներով:
Այստեղ գլխավորն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները չկտրվեն իրենց հայրենիքից և հաջողությունների, ինչպես նաև անհաջողությունների դեպքում միշտ հիշեն, որ իրենք ունեն պետություն, և ցանկացած պահի այն գրկաբաց հետ կընդունի իրենց: