Newsline.am-ը գրում է.
Ազգային ժողովը՝ 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մայիսի 6-ին ընդունեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ:
Ռուսաստանի Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն, փարձագետ Միխայիլ Դելյագինը РУСАРМИНФО-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ նման օրենքի ընդունումը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության կոպիտ խախտում է: Բացի այդ, Դեյլագինն ընդգծել է նաև, որ օրենքի ընդունումը բացասաբար կազդի Հայաստանի վարկանիշի վրա:
Ըստ ռուս փորձագետի՝ Հայաստանը, որը դեռևս չի հասցրել լիովին ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), իր գործողություններով արդեն իսկ սկսում է խարխլել միության հիմքերը:
«Եթե ՀՀ քաղաքացին վեց ամսից ավելի աշխատում է ՌԴ-ում, նա համարվում է ՌԴ հարկատու է և ազատվում է Հայաստանում հարկ վճարելու պարտականությունից»,- ասել է Դելյագինը: Ռուս փորձագետի կարծիքով՝ նման օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բյուջեի սղությամբ:
«Ես հասկանում եմ, որ Հայաստանում ծանր իրավիճակ է՝ կապված բյուջեի հետ, բայց ոչ այդ աստիճանի: Ստացվում է, որ փող չկա և այն պետք է հայթայթել, և այստեղ թիրախում հայտնվել են Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները, որոնցից կարելի է հարկեր վերցնել»,- նշել է ռուս փորձագետը:
Նրա կարծիքով՝ այս օրինագծի նույնիսկ քննարկումն է չմտածված քայլ, որով անտեսվում են շահագրգիռ կողմերի կարծիքը: