Լայն տարածում ունի այն կարծիքը, որ ուրիշ մարդկանց սիրելն առաքինի է, իսկ ինքն իրեն սիրելը՝ արատ։ Համարվում է, որ այն չափով, որքանով ես սիրում եմ ինձ, ես չեմ սիրում ուրիշներին, որ իր հանդեպ սերը հոմանիշ է եսամոլությանը։ Նույնիսկ ռուս-հայերեն բառարանում «себялюб» կամ «себялюбец» և «эгоист» կամ «эгоизм» բառերի թարգմանությունները գրեթե նույնն են. երկուսն էլ թարգմանվում են որպես «եսասիրություն» կամ «եսամոլություն»՝ չտեսնելով այս երկու հասկացությունների հոգեբանական տարբերությունը։ Այս տեսակետն արևմտյան փիլիսոփայության մեջ չափազանց հին է։ Կալվինը մարդու՝ ինքն իր հանդեպ սիրո մասին խոսում էր որպես «ժանտախտի»։ Նույնպիսի իմաստ են պարունակում նաև Զ. Ֆրոյդի եզրահանգումները՝ չնայած նա դիմում էր հոգեբուժական տերմինների օգնությանը։ Ըստ նրա՝ իր հանդեպ սերը նույն նարցիսիզմն է՝ լիբիդոյի ուղղումն ինքն իր վրա։ Նարցիսիզմն իրենից ներկայացնում է մարդկային զարգացման սկզբնական, վաղ փուլը և մարդը, որը հետագա կյանքում վերադառնում է դեպի նարցիսական փուլը, ընդունակ չէ սիրելու: Ծայրահեղ դեպքերում այն տանում է դեպի խելագարություն։ Ֆրոյդը պնդում էր, որ եթե լիբիդոն ուղղված է ուրիշ մարդկանց վրա, ապա դա «սեր» է, իսկ եթե իր կրողի վրա, ապա դա «սեր է իր հանդեպ»։ Հետևաբար «սերը» և «սերն իր հանդեպ» փոխադարձ բացառում են իրար այն իմաստով, որ որքան շատ է առաջինը, այնքան քիչ է երկրորդը։ Եթե իրեն սիրելը վատ է, ապա այստեղից հետևում է, որ իրեն չսիրելն առաքինի է, լավ է։
Սակայն այստեղ մի շարք հարցեր են ծագում.
1) հաստատու՞մ է արդյոք հոգեբանական հետազոտությունն այն թեզը, որ կա էական հակասություն իր հանդեպ սիրո և ուրիշ մարդկանց հանդեպ սիրո միջև.
2) սերն իր հանդեպ դա նո՞ւյնն է, ինչ էգոիզմը (եսամոլությունը), թե՞ նրանք հակադիր են.
3) արդյոք եսամոլն ընդհանրապես ընդունա՞կ է սիրելու՝ այդ թվում նաև իրեն։
Մինչ եսամոլության և իր հանդեպ սիրո հոգեբանական կողմի քննարկումը սկսելն անհրաժեշտ է նշել առկա տրամաբանական սխալներն այն ձևակերպման մեջ, որ ուրիշների հանդեպ սերը և իր հանդեպ սերը փոխադարձաբար հակասում, բացառում են մեկը մյուսին։ Եթե քո մերձավորին՝ որպես մարդկային էակի, սիրելն առաքինի է, ապա պետք է առաքինի լինի (և ոչ թե արատ) նաև իրեն սիրելը, քանզի ես նույնպես մարդկային էակ եմ։
Աստվածաշնչում ներկայացված պատվիրանը՝ «Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ», ի նկատի ունի, որ սեփական ամբողջության և եզակիության հանդեպ հարգանքը, սերն ինքն իր հանդեպ և իրեն հասկանալը չեն կարող անջատ լինել ուրիշ անհատի հանդեպ հարգանքից, հասկանալուց և սիրելուց։ Իր սեփական «ես»–ի հանդեպ սերն ամբողջությամբ կապված է ցանկացած այլ էակի հանդեպ սիրո հետ (սիրիր մերձավորիդ = ինչպես = ինքդ քեզ)։
Այժմ մենք մոտեցանք հոգեբանական հիմնական նախադրյալներին, որոնց վրա են հիմնված մեր դատողությունների եզրահանգումները։ Հիմնականում այդ նախադրյալներն այսպիսին են. ոչ միայն ուրիշները, այլև մենք ինքներս մեր զգացմունքների և դիրքորոշումների օբյեկտներ ենք՝ դիրքորոշումներն ուրիշների և ինքներս մեր հանդեպ ոչ միայն չեն հակասում, այլև հիմնովին կապված են։ Մեր քննարկման պրոբլեմի տեսանկյունից, սերը ուրիշների և իր հանդեպ երկընտրանք չեն հանդիսանում։ Հակառակը՝ իր հանդեպ սիրո դիրքորոշումը կհայտնաբերվի բոլոր նրանց մոտ, ովքեր ընդունակ են ուրիշներին սիրելու։ Իսկական սերը ստեղծագործականության արտահայտումն է և այն ենթադրում է հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և գիտելիք։ Դա աֆեկտ չէ (ինչ-որ մեկի ներգործությանը ենթարկվելու իմաստով), այլ սիրած մարդու զարգացման և երջանկության համար մղվող ակտիվ պայքար է, որը բխում է հենց սիրելու ընդունակությունից։ Սերը ինչ-որ մեկի հանդեպ սիրելու ընդունակության կենտրոնացումն ու իրագործումն է։ Սիրո մեջ պարունակվող հիմնական լիցքը, եռանդը ուղղված է սիրած մարդու վրա՝ որպես էական անձնային որակների մարմնավորում։ Սերը մի մարդու հանդեպ ենթադրում է սեր մարդու հանդեպ, որպես այդպիսին։ Սերը մարդկանց հանդեպ ոչ թե հետևանք է, ինչպես հաճախ ենթադրում են, այլ ինչ-որ մի կոնկրետ մարդու հանդեպ սիրո նախադրյալ։ Սրանից հետևում է, որ իմ սեփական «ես»–ը պետք է լինի իմ սիրո նույնպիսի օբյեկտ, ինչպես և ուրիշ մարդը։ Սեփական կյանքի հաստատումը, երջանկությունը, զարգացումը, ազատությունը արմատավորված է իմ սիրելու ընդունակության մեջ, այսինքն՝ հոգատարության, հարգանքի, պատասխանատվության և գիտելիքի մեջ։ Եթե անհատն ի վիճակի է, ընդունակ է ստեղծագործաբար սիրել, ապա նա սիրում է նաև իրեն, իսկ եթե նա սիրում է միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարող սիրել։ Համարում են, որ իր հանդեպ սերը և ուրիշների հանդեպ սերը սկզբունքորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես մենք կբացատրենք եսամոլությունը, որն ակներև բացառում է ցանկացած իսկական հետաքրքրությունն ուրիշների հանդեպ։ Եսամոլ մարդուն հուզում է միայն սեփական «ես»–ը, նա ամենայն լավը ցանկանում է միայն իր համար, բավարարվածություն է զգում ոչ այն ժամանակ, երբ տալիս է, այլ երբ վերցնում է։ Նա արտաքին աշխարհին նայում է այն տեսանկյունից, թե նա ինչ կարող է իր համար ստանալ նրանից։ Այդպիսի մարդը ուրիշ մարդկանց պահանջմունքների, կարիքների հանդեպ անտարբեր է, նա չի գնահատում նրանց արժանապատվությունը և ամբողջականությունը։ Նա սկզբունքորեն ունակ չէ սիրել։ Չի՞ ապացուցում արդյոք դա, որ ուրիշների և իր հանդեպ հետաքրքրականությունն անխուսափելիորեն երկընտրանքային, այլընտրանքային են։ Դա այդպես կլիներ, եթե եսամոլությունը և իր հանդեպ սերը լինեին նույնական։ Սակայն այդպիսի ենթադրությունն էլ հենց այն մոլորությունն է, որը բերում է այդքան շատ սխալ եզրահանգումների՝ կապված մեր քննարկվող պրոբլեմի հետ։ Եսամոլությունը և իր հանդեպ սերը, ոչ մի դեպքում չլինելով նույնիմաստ, ուղիղ հակապատկեր են։ Եսամոլ մարդն իրեն սիրում է ոչ թե շատ ուժեղ, այլ շատ թույլ. ավելին՝ ըստ էության նա իրեն ատում է։ Ստեղծագործականության բացակայության պատճառով, որը թողնում է նրան ամայացած, լքված և ֆրուստրացված, նա անխուսափելիորեն դժբախտ է և այդ պատճառով ջղաձգորեն տքնում է կյանքից պոկել հաճույքներ, որոնց ստացմանը հենց ինքն էլ խոչընդոտում է։ Թվում է, թե նա չափից ավելի է տարված ինքն իրենով, բայց իրականում դրանք միայն անհաջող փորձեր են իր սեփական «ես»–ի նկատմամբ խնամքի ձախողումները կոծկելու և հնարավորինս փոխհատուցելու համար։
Իր հանդեպ սիրո այդ գաղափարները չի կարելի ավելի լավ ձևակերպել, քան դա կատարել է Ի. Էկխարտը.
«Եթե դու սիրում ես քեզ, դու սիրում ես ամեն մի մարդու նույնպես, ինչպես և քեզ։ Իսկ եթե դու սիրում ես ուրիշ մարդու ավելի քիչ, քան քեզ, ապա իրականում դու չես առաջադիմել քո հանդեպ սիրո մեջ, բայց եթե դու սիրում ես բոլորին հավասարաչափ՝ ներառյալ և քեզ, դու կսիրես նրանց՝ որպես մի անձնավորություն, ու այդ անձնավորությունը և՛ Աստվածն է, և՛ մարդը։ Հետևաբար, նա է մեծ և բարեպաշտ անձնավորությունը, որը, սիրելով իրեն, սիրում է բոլորին հավասարաչափ»:
Արևելյան իմաստությունն ասում է. «Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ Աստվածային Ես-ի համար»: Եվ նաև. «Ես դուք եմ, դուք Ես եմ, աստվածային Ես-ի մասնիկներն ենք»:
Էրիխ Ֆրոմմ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3766108562025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել