Դիեգո Արմանդո Մարադոնան ծնվել է 1960թ.-ի հոկտեմբերի 30-ին արգենտինական Լանուսում, աշխատավորի ընտանիքում: Ֆուտբոլ խաղալ սկսել է դեռ մանուկ հասակում: 1969թ.-ին նրան նկատել է «Արխենտինոս Խունիորս» ակումբի մարզիչն ու հրավիրել այնտեղ խաղալու: 1976թ.-ից Մարադոնան հանդես է եկել թիմի հիմնական կազմում: 1977թ.-ին նա հաջողությամբ սկսել է խաղալ Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Նա 4 աշխարհի առաջնության է մասնակցել, ճանաչվել է իր հիանալի տեխնիկայի, արագության, շարժումների հրաշալի կոորդինացիայի և տոկունության շնորհիվ: 

Արգենտինայի հավաքականի կազմում 1986-ին դարձել է աշխարհի չեմպիոն, 1990-ին` փոխչեմպիոն: «Նապոլի» ակումբի կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն: 1979-ին և 1980-ին արժանացել է Հարավային Ամերիկայում տարվա ֆուտբոլիսիտի կոչմանը: 1986-ին աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականին չեմպիոն է դարձրել: Անգլիայի հավաքականի հետ խաղի ժամանակ նրա խփած 2 գոլերից մեկը դարձավ ամենից բացառիկ գոլը ֆուտբոլի պատմության մեջ. Մարադոնան այն խփել է «Աստծո ձեռքի» շնորհիվ:

1991-ին Մարադոնան 15 ամսով որակազրկվել է կոկայինի օգտագործման համար: Նա նաև մի քանի անգամ դատարանում է եղել: Այդ պարտադրված դադարից հետո ֆուտբոլիստը գնացել է իսպանական «Սևիլիա» ակումբ, որտեղ խաղացել է 29 խաղ և 7 գոլ խփել, 1993-ին վերադարձել է արգենտինական ֆուտբոլ: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Մարադոնան որպես հեռուստամեկնաբան է աշխատել Արգենտինայի և Իտալիայի հեռուստաալիքներում, 2008-2010 թթ. Արգենտինայի գլխավոր մարզիչն էր եղել: 1996-ին ֆուտբոլում ներդրման համար Մարադոնան արժանացել է «Ոսկե գնդակի»: Նա ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի բոլոր առաջնությունների լավագույն ֆուտբոլիստների և Հարավային Ամերիկայի պատմության լավագույն ֆուտբոլիստների սիմվոլիկ հավաքականների անդամ է: 1999-ին դարձել է 20-րդ դարի Արգենտինայի լավագույն մարզիկ: Նրա մասին նկարահանվել է ավելի քան 6 փաստագրական ֆիլմ: Նա նաև հայտնի է տարբեր բարեգործական միջոցառումներին իր մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել