2005 թվականից սկսած հետազոտություններ անցկացնելով Քարահունջում` մաթեմատիկոս-հետազոտող Վաչագան Վահրադյանը մի քանի խոշոր հայտնագործություններ է արել:
Բարձր գնահատելով Քարահունջի ամենալայնածավալ հետազոտություններ իրականացնող գիտնականի` Պարիս Հերունու աշխատանքը և համամիտ լինելով նրա տեսակետին, ըստ որի` Քարահունջը եղել է աստղադիտարան և 7500 տարեկան է, ոչ թե 4000 տարեկան դամբարանադաշտ, ինչպես հնագետներն են ասում, Վահրադյանն ավելի առաջ գնաց. նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Քարահունջը մոտ 14 000 տարվա պատմություն ունի, և այն անմիջական կապ ունի անգլիական Սթոունհենջի հետ:
Հետագայում Պարիս Հերունին իր աշխատության մեջ գրեց այդ մասին: Նա նաև գրեց, որ Քարահունջը մոտ 15 000 տարվա պատմություն ունի`առանց որևէ բացատրություն տալու. «Շատ հաճախ մեծ գիտնականները գիտական ինտուիցիայով որևէ վարկած են առաջ քաշել, բայց չեն ապացուցել, իսկ հետագայում այդ վարկածներն ապացուցվել կամ հերքվել են»,-ասում է Վաչագան Վահրադյանը: «Պարիս Հերունին Քարահունջի տարիքը որոշել էր քարերի վրայի անցքերի ուսումնասիրությունների հիման վրա,- ասում է նա,- և երբ մի օր ես նրան ասացի, թե հնարավոր է, որ կառույցն ավելի վաղ ժամանակներում կառուցված լինի` որպես կրոնածիսական վայր, իսկ անցքերը բացված լինեն հետագայում, այդ վարկածը նրան շատ հետաքրքրեց»:
Փաստորեն, Քարահունջի 15000 տարվա պատմության վարկածը տրված էր, մնում էր միայն ապացուցել այն:
Վահրադյանը շարունակում է հետազոտությունները: Այդ ընթացքում նա ուսումնասիրում է հնագույն անգլերեն գրքի` «Սաքսոնական քրոնիկոնի» առաջին իսկ էջում գրված հետևյալ արտահայտությունը, որը մեջբերվել է ավելի վաղ գրված Բեդե Պատվելու (748 թ.) «Եկեղեցական պատմություն» աշխատությունից. «Բրիտանիա կղզում 5 ազգություն կա`անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից»:
«Ես կամաց-կամաց սկսեցի գնալ դրա հետքերով,- ասում է գիտնականը,- Սյունիքում գտա մի գյուղ, որի անունը կարող է թարգմանվել Բրիտանիա. դա Բռուն գյուղն է, ներկայիս պաշտոնական անվանումը` Ակնա»:
Վահրադյանը փորձում է կապ գտնել անգլիական բրիտների և Բռուն գյուղի անվանման մեջ: Կապն անվանումների «բր» արմատն էր:
Ըստ Աճառյանի` «բրել» բայը հնում ուներ քերծել, փորագրել իմաստը: Նույն իմաստն ու կառուցվածքն է նաև բրուն և բրիտ բառերի մեջ: Երկուսն էլ, ըստ Վահրադյանի, նշանակում են «գրել իմացող մարդիկ»:
«Հայաստանում բոլորին է հայտնի, որ Սյունիքի ժողովրդին անվանում են «գրողներ», որը պետք է որ գար շատ հին ժամանակներից»,- ասում է գիտնականը:
Նա ամենևին էլ պատահական չի համարում, որ հենց այդ տարածաշրջանում` Քարահունջի հուշարձանից դեպի հյուսիս, Ծղուկ լեռան լանջերին է գտնվում աշխարհի թերևս ամենամեծ ժայռապատկերների կուտակումը, որն աշխարհի հնագույն գրային համակարգն է՝ եգիպտական և շումերական բարձր քաղաքակրթության ելակետը: Այս հարցում նա հենվում է Հ. Մարտիրոսյանի ստացած արդյունքների վրա:
«Բրիտների հայկական ծագման մասին է փաստում նաև անգլիացի գենետիկների ուսումնասիրությունների վրա հիմնված մի հոդված, որը լույս է տեսել 2001 թ. «Human genetics» («Մարդու գենտիկա») ամսագրում: Ուսումնասիրությունը վերաբերել է հայաստանյան բնակչության գենետիկ կառուցվածքին, որը համեմատել են բրիտների հետ և եկել այն եզրակացության, որ հայկական գեներն ամենամոտն են անգլիական գեներին: Իսկ հայաստանյան գեներից ամենամոտը եղել են հենց Սյունիքի և Արցախի բնակչության գեները»:
Հոդվածում գրված է. «Մեր ստացած արդյունքները կարող են հիմք լինել այն վարկածի համար, որ հայկական լեռնաշխարհից մեծ տեղաշարժեր են եղել դեպի Հյուսիսային Եվրոպա»: Վահրադյանի նպատակն այդ կապի նյութական և մշակութային հետքերը բացահայտելն էր:
Անգլիական Սթոունհենջի և հայկական Քարահունջի տրամաբանական կապը
«Հայտնի փաստ է, որ Սթոունհենջը կառուցել են բրիտները: Եթե այդպես է, ապա բրիտների նախնիները, որոնք ապրել են Հայաստանում, պետք է որ այդ մշակույթը բերած լինեին Հայաստանից: Դատարկ տեղը ոչինչ չի ծագում»,- համոզված է գիտնականը:
Բացի այդ, երկու կառույցն էլ գործածական առումով նույն նշանակությունն ունեն` աստղադիտարան են: «Նմանություններից մեկն էլ, որ ես նկատեցի, հետևյալն է. երկուսում էլ դեպի հյուսիս-արևելք կառուցված են միջանցքներ: Դրանով որոշել են արևադարձի օրը: Սա խոսում է այն մասին, որ այս երկուսի կառուցողները նույն աստղագիտական գիտելիքներն ունեին և նույն մշակույթի կրողներն էին»:
Ինչ վերաբերում է անվանումների նմանությանը, ապա անգլերեն սթոուն և հայերեն քար բառերի նույնությունից բացի, մտածելու տեղիք է տալիս նաև հենջ բառը, որն անգլերեն լեզվի միջոցներով բավարար բացատրություն չունի: «Մենք հակված ենք հունջ արմատի իմաստը դիտարկել հայոց լեզվի տեղական` Սիսիանի բարբառի հիման վրա, որում հունջ բառով նշում են փունջ հասկացությունը: Այսպիսով` ստանում ենք շատ ավելի ներդաշնակ Քարե փունջ մեկնությունը»,- բացատրում է նա:
Փաստորեն, Վահրադյանի տեսության համաձայն`Սթոունհենջի նախատիպը Քարահունջն է:
Վահրադյանը նաև հայտնաբերել է, որ Քարահունջի զուգահեռագծի գագաթները կազմում են չորս գյուղեր, որոնց անվանումներն իմաստային կապ ունեն: Դրանք են` Անգեղակոթ, Բռուն, Քարահունջ և Բռնակոթ, որոնց մոտ նույնպես կան քարահունջատիպ կառույցներ: «Սա վկայում է այն մասին, որ հսկայական համակարգ է աշխատել, ինչը չէր կարող լինելառանց պետականության առկայության»:
«Այն, ինչ երկնքում է, այն էլ երկրի վրա է». հին աշխարհի մտայնության հաստատումը
Վահրադյանը նաև բացահայտեց, որ Քարահունջը Կարապի (Անգղ համաստեղություն) համաստեղության նույնական պատկերն է երկրի վրա. «Դա շատ կարևոր բացահայտում էր, որը հիմք էր տալիս փաստելու, հաստատելու և ապացուցելու Մաունդերի, Ֆլամարիոնի այն կարծիքը, որ դեռևս հնագույն ժամանակներում հենց հայկական լեռնաշխարհում է աստղային երկինքը համաստեղությունների բաժանվել»:
Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում էին մաթեմատիկայի ամենաժամանակակից տեսությունները, որոնցից մեկն էլ ոչ հստակ երկրաչափությունն է: Հենց դրա օգնությամբ է Վահրադյանը հաշվել Քարահունջի քարերի դասավորության և Կարապի համաստեղության նմանությունը: «Արդյունքն ավելի քան տպավորիչ էր` 85 տոկոս համընկնում»:
Ինչ վերաբերում է 15 տոկոս տարբերությանը, ապա շուտով գիտնականն այդ խնդիրը նույնպես լուծում է. «Իմ մեջ միտք առաջացավ` ախր մենք ժամանակակից Կարապի համաստեղության հետ ենք համեմատում, բայց չէ՞ որ հազարամյակների ընթացքում համաստեղության աստղերը տեղաշարժվել են»:
Համեմատելով Քարահունջի պատկերը համաստեղության 4000 տարի առաջվա պատկերի հետ (հուշարձանի տարիքը` ըստ հնագետ Օ. Խնկիկյանի)՝ նկատում է, որ տարբերությունը փոքրանում է: Հետ է գնում Հերունու առաջ քաշած տարիքին` 7500 տարի, տարբերությունն էլ ավելի է փոքրանում: Տարբերությունը գրեթե վերանում է, և համաստեղությունն ու Քարահունջի պատկերը լիովին հանընկնում են 14 000 տարի հետհաշվարկի դեպքում: Փաստորեն, ըստ Վահրադյանի՝ կառույցի ճարտարապետությունը ստեղծվել է 14 000 տարի առաջ` Կարապի համաստեղության այդ ժամանակվա ճիշտ դասավորվածության հիման վրա: «Թե ում վարկածն է ճիշտ, ցույց կտա ժամանակը»,- ասում է գիտնականը:
Վահրադյանը ցավում է, որ իր հայտնագործության մասին չհասցրեց ասել Հերունուն, քանի որ նա այդ ժամանակ մահամերձ վիճակում էր. «Եթե ինձ հաջողվեր ասել դա նրան, կարծում եմ` նրա վիճակը կտրուկ կլավանար»:
Պորտասարի և Քարահունջի կապի բացահայտումը
Հայտնագործություններից մեկն էլ վերաբերում է Արևմտյան Հայաստանի Պորտասար (թուրքացված ձևը՝ «Գյոբեգլի թեփե») կոչվող տարածքի և Քարահունջի կապին (Պորտասարը 18-20 տարի առաջ հայտնաբերվել է գերմանացի հայտնի հնագետի կողմից` իսկական հեղափոխություն առաջացնելով միջազգային հնագիտական ասպարեզում):
Պորտասարում կա մի քար, որի վրա տարբեր կենդանիներ են պատկերված, այդ թվում նաև` անգղ: Առաջին վարկածն այն էր (հեղինակ` Կ.Շմիդտ), թե դրանք պատկերվել են որպես որսորդներին հաջողություն բերող խորհրդանիշեր: Վահրադյանի համար այդ փաստարկը որոշ պատճառներով հավաստի չէր: Եվ ահա, վերցնելով Քարահունջի պատկերը և դնելով անգղի պատկերի վրա` նա նկատում է, որ դրանք լիովին համընկնում են:Ենթադրելով, որ մնացած կենդանիները նույնպես համաստեղության պատկերներ են, համեմատում է և համոզվում:
Կարապի (Անգղ) համաստեղության պատկերի նույն հաշվարկով Վահրադյանը հաշվարկում է նաև Պորտասարի քարին պատկերված անգղի տարիքը: Այն պատկերված էր 18 000 տարի առաջ:Փաստորեն, Արևմտյան Հայաստանի տարածքում դեռևս այդ ժամանակներում աստղային համաստեղություններ են մշակվել, ինչը վկայում է հայկական լեռնաշխարհում հնագույն բարձր քաղաքակրթության առկայության մասին:
Քարահունջում կատարած հետազոտությունների ընթացքում Վահրադյանը ցավալի հայտնագործություններ էլ է անում. օրինակ` այն, որ Հերունու կողմից խնամքով համարակալված 223 քարերից մեկն անհետացել է: Դա 95-րդ քարն է` Կարապի համաստեղությանը համապատասխանող անկյունաքարերից մեկը: Այդ մասին գիտնականն ահազանգել է պատկան մարմիններին, ընդհուպ` մշակույթի նախարարին, սակայն մինչ օրս քարի անհետացման և այն հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Վահրադյանն ունի քարի անհետացման իր վարկածը, սակայն դրա մասին կասի միայն այն ժամանակ, երբ փաստի առթիվ հետաքննություն սկսվի:
Ընդհանրապես գիտնականին խիստ անհանգստացնում է Քարահունջի ճակատագիրը, որի նկատմամբ պետական մակարդակով անլուրջ վերաբերմունք կա: Իսկ թե ինչ խնդիրների մասին է խոսքը, կանդրադառնանք առանձին հրապարակման մեջ: