Խորհրդային տարիներից սկսած մինչև անկախ Հայաստանի 1996 թիվը կենսաթոշակային տարիքը կանանց համար սահմանված էր 55 տարեկանը, տղամարդկանց համար՝ 60: 1996 թվին, երբ արդեն համարյա թե աշխատող գործարան չկար, հանկարծ որոշեցին կանանց թոշակի տարիք սահմանել 63-ը, տղամարդկանց համար՝ 65 տարին. երևի բյուջեի հոգսը թեթևացնելու համար: Ոմանց դա ուրախացրեց այն առումով, որ եթե պետական հիմնարկում էին աշխատում, պետական մակարդակով չէին կարող «քեֆներին կպչել» ու ասել, թե «տիկին» կամ «պարոն», «Ձեր թոշակի տարիքը լրացել է, դուք ունեք կենսաթոշակի անցնելու իրավունք»: Բայց ի՞նչ անեին նրանք, ովքեր հարկադրաբար անգործության էին մատնվել (ու հիմա էլ մատնված են) աշխատատեղերի կրճատման պատճառով: Դա դեռ բավական չէր, գործազուրկների նպաստն էլ (որ գրեթե գրոշներ էին) դարձրեցին մինչև 55 տարեկանների համար: Ու ստացվեց, որ 55-60 տարեկաններն արդեն ոչ թոշակ էին ստանում, ոչ նպաստ. եթե երեխաներ ունեին չափահաս տարիքի՝ առավել ևս, քանի որ գործում էր այն տրամաբանությունը, որ «երեխաները պարտավոր են պահել իրենց ծնողներին»: Ու կապ չունի, որ մեծամասշտաբ գործազրկություն է. ոնց ուզում են՝ թող ծնողներին պահեն էդ երեխաները: Ու այդ ժամանակներից աղքատությունն սկսեց էլ ավելի մեծանալ, տոկոսի տակ ընկածներն ու սնակացածները շատանալ: Պատկերն ավելի ողբերգական դարձավ, երբ 1 տարի առաջ էլ գործազուրկների նպաստը «լուծարեցին» հայրենի օրենսդիրները ՝ դրա հաշվին իրենց աշխատավարձերն էլ ավելի բարձրացնելով... Հիմա արդեն կարելի է օրենքը «վերաձևել» այսպես. «թոշակառու ծնողները պարտավոր են պահել իրենց զավակներին», քանի որ «բախտավոր» են համարվում այն ընտանիքները, ում տանը թոշակ ստացող կա: Ընտանիք կա, որ 60-ն անց հասուն մարդիկ աշխատանք չունեն, քանի որ աշխատաշուկայում պահանջարկը հիմնականում մինչև 35 տարեկաններին է նախապատվություն տալիս, ու այդ մարդիկ ստիպված ապրում են իրենց 80-ն անց հոր կամ մոր թոշակով. բա սա ծաղր չէ՞, բա էդ սոցապներում ժողովրդի դարդից հասկացող մի մարդ չկա՞, որ ասի՝ «Այ ախպեր, էս ի՞նչ ենք անում, երկրում աշխատատեղ չկա, մենք թոշակի շեմը դարձրել ենք 63-65 տարին, էդ մարդիկ ո՞նց են ապրելու, եթե աշխատանք չունեն»: Երևի մոռացել են, որ նման օրենք կա, որով էլ ավելի է մեծանում աղքատների բանակը: Իսկ շատերն էլ արդեն թոշակի տարիքի էլ չեն հասնում սոցիալական ծանր պայմանների արդյունքում: Առավել աչքաբացներն ու հնարավորություն ունեցող մարդիկ «ճողոպրում» են Ռուսաստան, էնտեղ քաղաքացիություն «հաջողացնում» ու բարձրով թոշակավորվում, հետո էդ բարձր թոշակով գալիս են Հայաստան, իրենց գլուխը պահում: Բա սա պետությո՞ւն է, մարդկանց խնայբանկի ավանդները լավագույնս «փոշիացրին» (գոնե Պուտինից խնդրեն, ասեն՝ դե էդ ավանդների տերը Սովետական Մոսկվան էր, հայ ժողովուրդը 70 տարուց ավելի Մոսկվայի համար էր աշխատել, ու հիմա ոնց որ թե իրավահաջորդն էլ Ռուսաստանի Մոսկվան է, ու գոնե որպես բարի կամքի դրսևորում՝ Եվրասիական մտնելու համար, էդ ավանդները թող Ռուսաստանը փոխհատուցի. լավ կլինի՝ ռուսականով, 25 տարվա տոկոսներն էլ հետը սուբսիդավորեն), թոշակի շեմը բարձրացրին, գործազուրկի նպաստներն էլ վերացրին:
...Վատն այն է, որ Ռուսաստանն էլ է փորձում Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից ամրագրված «օրինակելի փորձն» ընդօրինակել ու թոշակի շեմը բարձրացնել:
...Մինչ այս նյութը գրում էի, ֆեյսբուքային համախոհներիցս մեկը տեղեկացրեց, որ ինքն էլ է ուղևորվում Ռուսաստան, ու երևի թե ձմեռը հետ կգա: Գնացողաց բարի ճանապարհ, մնացողաց՝ համբերություն, կառավարողերին էլ հասկացողություն ու խղճմտանք: