1in.am-ը գրում է. Թուրքիայի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյանքով է պատասխանել «պոկերի արքա», ազգությամբ հայ Դան Բիլզերյանի՝ Instagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառմանը: Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է հայ աստղին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման մեկնաբանություններում, ինչի համար արժանացել է նաև թուրք օգտատերերի հավանությանը: Վերջինս սեռական բնույթի թուրքերեն հայհոյանք է ուղղել Բիլզերյանին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Նշենք, որ Դան Բիլզերյանն ապրիլի 24-ին Instagram-ի իր էջում գրել էր, որ այդ օրը լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նույն գրառումը տեղ էր գտել նաև «պոկերի արքայի»՝ այլ սոցցանցերում ունեցած էջերում: Մեծ ճանաչողություն վայելող հայ աստղի գրառումը սոցցանցերում մեծ ուշադրություն էր գրավել: Բիլզերյանն իր էջում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքիայի իշխանությունը կոտորել է 1,5 մլն հայ, Բիլզերյան ընտանիքի կեսը սպանվել է: Նրանք մինչև հիմա հրաժարվում են ճանաչել Ցեղասպանությունը, որի մասին իրազեկումը, հնարավոր է, կարող էր կանխարգելել Հոլոքոսթը: Ես չեմ ատում թուրքերին այդ բանի համար, քանի որ այդ ամենի համար պատասխանատուներից ոչ մեկն այսօր ողջ չէ, սակայն թուրքական կառավարությունը պետք է ճանաչի կատարվածը, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պետք է ասեմ, որ չեմ հավատում, որ կարելի է հպարտանալ ազգությամբ, կրոնով կամ ծննդավայրով, քանի որ դրանք երևույթներ են, որոնք դու չես վերահսկում: Հպարտացեք նրանով, թե ինչպիսի անհատ եք դուք, ինչի եք հասել, ինչ եք արել ուրիշների համար և ինչպես եք հաղթահարել ձեր կյանքում հանդիպած դժվարությունները»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1615092.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել