Կարծում եմ, որ մոտ օրերս, Սեֆիլյանին ու իր գաղափարակիցներին ազատ արձակելուց զատ, նրանց դեմ հարուցված քրեական գործը կկարճվի։ Ես գրեթե վստահ եմ դրանում ու ենթադրում եմ, որ ազատելու են՝ գործը կարճելով, և սա թերևս կլինի արդար։
Արդար կլինի, քանի որ որքան էլ ես դրական վերաբերմունք ունենամ ազատամարտիկի կերպարի հանդեպ, անթույլատրելի եմ համարում Սեֆիլյանենց կողմից հրապարակային հնչեցված անկարգության կոչերը, այն էլ՝ Ցեղասպանության 100-ամյակի օրով, ու միանգամայն արդարացված եմ համարելու նրանց պրոֆիլակտիկ մեկուսացնելու մասին կայացված որոշումը։
Մյուս կողմից, ո՛չ Սեֆիլյանը, ո՛չ իր ղեկավարած շարժումը չունի այնպիսի տեսակարար կշիռ և որևիցե քիչ թե շատ ներկայացուցչական ժողովրդականություն, որպեսզի իշխանությունները նրանում վտանգ տեսնեն ապրիլի 24-ի համատեքստից դուրս, և նրանց մեկուսացված պահելուց իշխանությունների համար վնասն ավելի շատ է, քան օգուտը, որովհետև մանր ձկների հետևից ընկնելով՝ անհարկի ավելացնում են քաղբանտարկյալների մասին խոսակցությունները։
Այդ իսկ պատճառով էլ Սեֆիլյանենց ազատ կարձակեն ու կթողնեն, որ իրենց գործունեությունը շարունակեն, առավել ևս, որ այդ գործունեությունը մոծակի խայթոցի ուժ էլ չունի այս ռեժիմի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1574853716113900&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել