Այս կարգախոսով խորհրդարանում «Սամվել Բաբայան» բրենդի տակ մեկ բաղձալի աթոռ է զբաղեցրել Ազգային վերածնունդ կուսակցությունը: Պետք է հավուր պատշաճի գնահատել նախկին հրամանատարի անդուլ ջանքերը Skypeաքարոզի, խտրականությունից զուրկ խոստումների, խնամի-ծանոթ-ընկերներին թախանձագին հորդորների գործում:
Ճիշտ է, արքայի գալուստի մասին թմբկահարումներն ու արքունական կյանքի մասին շռայլ խոստումներն այդքան էլ չարդարացրին սպասելիքները, բայց 1-ն էլի մի բան է 0-ի կողքին: Իսկ հանուն 1-ով պայմանավորված արդարության, կուսակցության «գերբի» վրա պիտի որ տեղ գտնի Սամվել Բաբայանը:
Ի դեպ, առայսօր հարց է մնում, թե ինչ նպատակներով է Բաբայանը գիտակցաբար խաբել ու շեղել արցախցիներին՝ հստակ իմանալով, որ իր վերադարձն Արցախ հնարավոր չէ (պատճառները թողնում ենք իր խղճին, երևի մի օր ազնվությունը կհերիքի, որ խոստովանի):
Ի պատիվ, սակայն, արցախցիների, պետք է ասել, որ ընդամենը 3709 հոգու մոտ է տրամաբանելու ունակությունը խիստ կասկածներ առաջացնում: Ուղեղի պատառի դեպքում յուրաքանչյուր քաղաքացի մի հասարակ հարց պիտի տար ինքն իրեն՝ ինչու Արցախի համար այսքան մտահոգ մարդը հազարավոր կիլոմետրերից է շփվում ընտրողների հետ, և ինչու հայրենիք վերադառնալը պետք է պայմանավորված լինի ինչ-որ ընտրությամբ: Իսկ այս պարզ ու հասարակ բաները հասուն տարիքում չհասկանալու համար հուսախաբության նոպայից զարկ մը դատարկահույս գլուխներին:
Մյուս կողմից 3709-ը Բաբայանի համար վերջին ու չարդարացված շանսն էր՝ հրամանատարի դիրքերը թարմացնելու ու նախկին հեղինակությունը վերականգնելու, սակայն իշխանություններից ու սոցիալական վիճակից արդար ու անարդար դժգությունների շահարկումը արդյունք չտվեց: Այդ նվաղկոտ թիվը խոսում է հեղինակության ու փառքի անվերադարձ կորստի մասին, որի հետ, ինչքան էլ դժվար լինի, Բաբայանը պետք է հաշտվի:
Այս ամենի արդյունքում մունետիկն է հրճվում, մանավանդ որ պատկերացնում է, թե քաղաքական համագործակցության նոր մեխանիզմով՝ skype-ով «գցելն» ինչքան հեշտ է լինելու: