Հայաստանում ներկայումս տարբեր իրադարձությունների համատեքստում բավականին վտանգավոր տենդենցներ են նկատվում, որոնք, անկասկած, ապագայում հայ հասարակությանը կարող են կանգնեցնել քաղաքակրթական լրջագույն խնդիրների առջև:
Քաղաքական առօրեական որոշակի շահեր սպասարկելու նպատակով փորձ է արվում հարվածել հայ ժողովրդի պատմական կապիտալին: Չնայած պատմական տարաբնույթ վայրիվերումներին, այնուամենայնիվ, հայերը կարողացել են ստեղծել կայացած համակեցական կառույց, որն ամուր կապերով շաղկապում է ժողովրդի տարբեր հատվածներին՝ դարձնելով մեկ ամբողջություն: Այսինքն՝ անկախ քաղաքական, կրոնական հայացքներից՝ հասարակական բոլոր շերտերն ամբողջացվում են քաղաքակրթական մեկ համակարգի շրջանակներում, որին մենք անվանում ենք ազգ: Այդ տեսանկյունից հիմքեր կան պնդելու, որ Ուկրաինան չուներ այդպիսի համակեցական կառույց, ինչի բացակայությունն էլ առաջին իսկ արտաքին միջամտության պայմաններում հանգեցրեց ներքին պայթեցման: Բայց վերոնշյալ կենսունակ գործիքակազմի առկայությունը միանշանակ չի կարող ապահովագրել հասարակությանը և զերծ պահել ձևախեղումից կամ մուտացիայից: Դա պահպանել և զարգացնել է պետք, ինչպես հազարամյակների ընթացքում արել են մեր նախնիները: Բնականաբար, ի տարբերություն ուկրաինական սցենարի՝ Հայաստանում իրադարձությունները պետք է զարգանան մի փոքր այլ հունով՝ այն է՝ աստիճանական գործընթացների ազդեցությամբ քայլ առ քայլ քայքայել համակեցական համակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նշված հայտնի պատճառներով կտրուկ գործողություններն այստեղ չեն կարող հաջողել:
Անշուշտ, պետք չէ ընկնել դավադրությունների տեսության գիրկը և քաղաքակրթական գործընթացներին տալ պարզունակ բացատրություններ, ինչպես, օրինակ, հաճախ պնդում են, որ հրեամասոնական դավադրության արդյունքում փորձում են կործանել Հայաստանը: Իրականում քննարկվող խնդրո առարկայի վերաբերյալ կան կոնկրետ գիտական բացատրություններ. դեռևս հնագույն ժամանակներից սկսած աշխարհը շարժվում է դեպի խոշորացման՝ գլոբալիզացիայի: Այդպիսի քաղաքականություն էին իրականացնում հին հույները. Միջերկրական ծովի ամբողջ երկայնքով և այլուր ստեղծելով գաղութներ՝ նրանք փորձում էին լուսավորել անկիրթ «բարբարոսներին»: Գլոբալիզացիայի առաջին խոշորագույն դրսևորումն է համարվում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո արևելքում սկիզբ առած հելլենիզմը, որին հետագայում հաջորդեցին հռոմեական, բյուզանդական առավել կայացած մոդելները: Պետք չէ թերագնահատել նաև արևելքում հազարամյակներ շարունակ խոշորացման յուրօրինակ ծրագիր իրականացնող Չինաստանին, որը նույնպես օժտված է ասիմիլացնող ամենակուլ հատկանիշներով: Գլոբալիզացիոն միտումներ ունեն նաև երեք համաշխարհային կրոնները: Իսկ արդեն 17-18-րդ դարերից սկսած՝ Լուսավորական գաղափարների ներքո այդպիսի ծավալապաշտական քաղաքականության կրողները դարձան նաև Արևմտյան Եվրոպայի պետությունները, ավելի ուշ նաև ԱՄՆ-ն: Արդյունքում եվրոպացիները գաղութացրեցին Ավստրալիան, գրեթե ամբողջ Ասիան, Աֆրիկան, Ամերիկան: Եվ լինելով հունահռոմեական քաղաքակրթության կրողները՝ նրանք պարուրված էին այն մտայնությամբ, որ «բարբարոս» ժողովուրդների կյանքի տնօրինումն իրենց առաքելությունն է:
Աշխարհակարգի փոփոխության արդյունքում «կյանքեր տնօրինել» ձևակերպումը ներկայումս մի փոքր փոփոխությունների է ենթարկվել. այժմ նախընտրում են օգտագործել «համամարդկային արժեքների տարածում» եզրույթը: Գլոբալիզացիոն յուրատեսակ ծրագրեր մշտապես ունեցել է Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան հունահռոմեական քաղաքակրթության, ինչու չէ նաև Ռեֆորմացիայի և բողոքական գաղափարների ժառանգորդներն են, ապա Ռուսաստանը բյուզանդական և մոնղոլական (Ոսկե հորդա) ազդեցությունների կրողն է: Դեռևս 15-16-րդ դարերից սկսած՝ լայն տարածում է գտնում երրորդ Հռոմի գաղափարը, որը, կարելի է ասել, որոշակիորեն գործնականանում է Պետրոս Մեծից սկսած, իհարկե, բյուզանդական ուղղափառ Քրիստոնեության գաղափարական ազդեցության ներքո: 20-րդ դարում ուղղափառ Քրիստոնեությունը փոխարինվում է Կոմունիզմով, սակայն կայսերականության էությունը դրանից չի փոխվում: Իսկ ներկայիս Եվրասիական Միությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարուրամյակներ շարունակվող կայսերականության վառ դրսևորում:
Այսինքն, գործ ունենք հարատև, կանգ չառնող գործընթացի հետ, որը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է ձևով, բայց նույնը՝ էությամբ: Այն ամենակուլ գազանի պես առաջ է շարժվում՝ ճանապարհին խժռելով ամեն ինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/819037984856898?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել