Բժիշկ-սրտաբան

Փողոցի պերսոնաժները… Ինչպիսի~ կերպարներ կարելի է տեսնել... Մայթով, մի քսան մետր ինձանից առաջ, գնում է մի կորացած կին` ավելի երիտասարդ կնոջ հետ… Մոտենում եմ: Կորացած կինը քրդուհի է – մուգ կանաչ գույնի թավշյա զգեստը, բազմաթիվ ծալքերով ծփում-զարկում է խոնջացած ոտքերին, թելավոր գոտին գրկում է հոգնած գոտկատեղը: Մի բրդե շալ ետևից թեքությամբ ծածկում է մեջքը, անցնում ձախ ուսի վրայով և կապ առնում ներս ընկած կրծքի վրա: Սպիտակ լաչակը` կարմիր ծաղիկներով պսակում է թուխ ճակատը… Դեմքին նայելիս` վստահ կարող ես ասել, որ մի ութ զավակ ծնած կլինի: Վստահ գնում է քրդուհին – իր ազգի աստեղային ժամն է – պետություն են ստեղծում: Ափոն բանտում է, բայց ոգին չի կորցնում: Էնտեղ կան Թալիբանին, Բարզանին… Չէ~, քրդուհու ցեղի գործերը աջ են գնում, թուրքերի հետ էլ “արձանագրություն” չեն կազմում, պահմտոցի չեն խաղում, այլ համառ լեռնցու ռազմավարությամբ` ձգտում են նպատակին… Մի երկու քրդական ռևերանս էլ մեր անխելք ազգի կողմն են անում… Չէ~, էս քրդուհու գործերը աջ են գնում…

Տուն եմ վերադառնում: Արուսյակը համացանցից մի հետաքրքիր նորույթ է հայտնում: Միշել Օբաման հեռուստացույցով հաղորդաշար է վարում – առողջ սնունդ, պատմում է Սպիտակ տան բանջարանոցում իր աճեցրած լոլիկի, տաքդեղի, գազարի մասին… Շատ լավ է անում: Ամերիկայի նախագահական զույգը գլխի է ընկել – ներկա բժշկությունը արատավոր է, – և համառ ու զգույշ քայլեր է անում նրա դիրքերը թուլացնելու և նոր, առողջարարական բժշկությունը լայն ասպարեզ հանելու համար: Արուսյակի հետ հիշեցինք – առողջ ապրելակերպի հեռուստատեսային հաղորդաշարի ծրագիրը տարիներ շարունակ, այս կամ այն առիթով դնում էինք հայրենի հեռուստատեսությունների առջև… Մեզ չհաջողվեց կոտրել նրանց դիմադրությունը: Միշել Օբամային հաջողվեց – բայց այնտեղ կան գերգիգանտ կիկլոպներ – “Մակդոնալդս”-ը, դեղորայքային ինդուստրիան… Չէ~, մեկ է` Միշել Օբամայի գործերը լավ են գնում…

Դառնամ Հայաստան: Այսօր մեր լրատվական դաշտում, մեր երկրում մի պերսոնաժ էի փնտրում, մի դեմք ու կերպար, որին նայեի ու ասեի – Չէ~, Հայաստանս, քո գործերը աջ են գնում… Այսօր չգտա: Բայց տեսա մի քանի երիտասարդ մայրիկներ` զավակների հետ, այդ մանուկներին նայեցի ու մտածեցի – Չէ~, Հայաստա~ն, քո գործերը աջ են գնում…

Բարի գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել