Ասում են՝ աչքերը հոգու հայելին են… Համաձայն եմ, որովհետև մարդու աչքերին նայելով՝ ցանկացած իրավիճակում կարող ես կռահել նրա ազնվության, խոսքի ճշմարտության, անկեղծության, ապրումների ու զգացմունքների մասին:
Այն ամենն, ինչ կատարվում է մարդու սրտում, միանգամից արտացոլվում է աչքերի մեջ: Աչքերը սովորաբար երբեք չեն ստում, երբեք չեն թաքցնում այն ամենն, ինչ կատարվում է տիրոջ հոգում: Եթե դու լռում ես, ապա քո փոխարեն անպայման կխոսեն աչքերդ, իսկ եթե խոսում են, սակայն կեղծ, աչքերդ կուղղեն սխալդ և կխոսեն ճշմարիտ…
Հայի աչքեր, թախծոտ, խոնարհ, անչար, տանջված մարդու, կարեկցանքի կարիք ունեցողի համար լացող, տանջվածին, կարիք ունեցող հայի տեսակին կարեկից ու օգնության ձեռք մեկնող ու սրտացավ աչքեր…
Իսկ ի՞նչ են հիմա ասում, արտացոլում հայի աչքերը…
Անվստահություն վաղվա օրվա, ապագայի նկատմա՞մբ… Ամենօրյա տանջալից հոգսե՞ր, սոցիալ-կենցաղային լուրջ խնդիրնե՞ր, տնտեսական ճգնաժամի հետևանքնե՞ր… Մարդկային սովորական, հանդուրժողական, փոխօգնության, մարդասիրության, տարրական քաղաքավարության ու բարոյականության դեֆիցի՞տ…
Այո՛, այդ ամենից թախծոտ, տխուր ու մտահոգ են հայի աչքերը, չվստահող և կասկածամիտ…
Իսկ ի՞նչ ենք անում մենք` բոլորս, յուրաքանչյուրս` որպես պաշտոնյա, գործարար, որպես քաղաքական գործիչ, պատգամավոր, որպես քաղաքացի, որպեսզի հայի այդ մեծ, գեղեցիկ, թախծոտ աչքերն այսուհետ ժպտան, ճառագեն, փայլեն: Փայլեն ժպիտով, հույսով, սիրով, հոգատարության, ուշադրության նկատմամբ երախտիքով: Ցույց տան, որ յուրաքանչյուր քաղաքացի մենակ չէ, մենակ չէ իր հոգսերի, իր կարիքների, իր պրոբլեմների հետ: Որ ինքը մի միասնության, հզոր ազգի մի մասնիկն է և միշտ ուշադրության կենտրոնում:
Այո՛, հայի աչքերը պետք է ժպտան և հույս, հավատ ու սեր արտացոլեն…
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հայտնի սցենարիստ, հաղորդավար, հետաքրքիր հաղորդումների հեղինակ Դիանա Գրիգորյանը շուտով կսկսի «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնը: Ստեղծագործական կազմն ամեն շաբաթ կընտրի երկու ընտանիք, որոնք էլ այդ շաբաթ կլինեն բարեգործական հեռուստամարաթոնի ուշադրության կենտրոնում:
Ուրեմն մասնակցենք այդ բարեգործությանը, մասնակցենք բոլորս` յուրաքանչյուրս կատարենք մեր ներդրումը, թեկուզ մեկ լումա, մեկ դրամ` բայց մասնակցենք… Դա մեր հոգու հանգստության, մեր քրիստոնեական պարտքն է, ու անպայման պետք է մասնակցել, մասնակցել կոնկրետ, առարկայական: Այլ կերպ չի լինում, եթե սրտացավ, ակտիվ չես մասնակցում, ապա այդ գործը չի ստացվում… Մի լավ խոսք կա, եթե չես կարող անել մի գործ, պիտի մի կողմ քաշվես և ճամփա տաս նրանց, ովքեր արժանի են, ովքեր անում են առանց նվնվալու, առանց գովազդելու, ովքեր կարեկից են, հայրենասեր, ովքեր կանեն այդ գործը:
Այնպես որ, նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, կանի, արդարացում չի փնտրի այն չանելու համար… Ուրեմն այնպես անենք, որ ժպտան հայի աչքերը բարեգործություն կատարելիս և այն ընդունելիս… Ժպտան հայի աչքերը միշտ` հույսով, հավատով, հոգատարությամբ, ուշադրությամբ առլեցուն….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել