Այս հոդվածը հատկապես շատ դուր կգա ճանապարհորդելու սիրահարներին ու կինոսերներին։ Մենք կազմել ենք աշխարհի տարբեր երկրների ամենատեսարժան բացօթյա կինոթատրոնները, որտեղ կինոդիտումն իսկական հաճույք է։
1. Ամանտե, Իբիզա

Ամանտե կինոթատրոնը տեղակայված է օվկիանոսի հարևանությամբ։ Կինոնկարի ցուցադրման ժամանակ կինոդիտողները կարող են լսել ալիքների շրշյունը, իսկ որպես էկրանի հետնաֆոն ծառայում է վառ լույսերով լուսավորված ծովափնյա պուրակը։ Կինոդիտողները թիկնում են բարձերի վրա։ Բացի տոմսից՝ «Գիշեր աստղերի հետ» փաթեթը ներառում է նաև ծածկոց, անսահմանափակ պոպկորն և «Jean Leon» գինի։ Այս ամենը միասին արժե 30 եվրո։
2. Պուլայի ամֆիթատրոն, Խորվաթիա

Պուլայի ամֆիթատրոնում է տեղի ունենում խորվաթական հնագույն կինոփառատոնը։ Այստեղ անցկացվում են նաև հանրային կինոդիտումներ և մրցանակաբաշխություններ։ Կինոփառատոնի մեկնարկը տեղի է ունեցել 1954 թ.-ին, և ընդամենը մի քանի տարում այն դարձավ երկրի գլխավոր մշակութային իրադարձությունը։
3. Սուրբ Գևորգի անվան բացօթյա կինոթատրոն, Սիդնեյ

Այս կինոթատրոնի հանդիսատեսը կարող է աստղազարդ երկնքի տակ վայելել ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական լավագույն կինոնկարները։ Այստեղ կա նաև բար, որտեղ կարելի է գնել տարատեսակ էկզոտիկ կոկտեյլներ ու համեղ խորտիկներ։
4. «Castle» և «Riverbad» կինոթատրոններ, Կոսովո

Կոսովոյում անցկացվող Դոկուֆեսթ փառատոնն անցկացվում է 2002 թ.-ից ի վեր։ Այս փառատոնի նախաձեռնողները մի խումբ ընկերներ են, ովքեր գրեթե ոչնչից սկսեցին ֆառատոնի կազմակերպչական աշխատանքները և միայն որոշ ժամանակ անց հովանավորներ գտան։ Ներկայումս Դոկուֆեստ կինոփառատոնը Կոսովոյի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարի գրավում է ոչ միայն տեղացիների, այլև մի շարք արտասահմանցի արվեստասերների ուշադրությունը։ Այն անցկացման հստակ վայր չունի և անցկացվում է միաժամանակ մի քանի կինոթատրոններում, օրինակ՝ «Castle»-ում և «Riverbad»-ում։ Փառատոնի ընթացքում անցկացվում են նաև վարպետության դասեր, քննարկումներ և այլն։ Փառատոնի տևողությունը սովորաբար ութ օր է։
5. Սոմերսեթ Հաուս, Լոնոդոն

Սոմերսեթ Հաուսում ամեն տարի անցկացվում է «Film4 Summer Screen» կինոփառատոնը, որի շրջանակներում ցուցադրվում են ամենատարբեր ժանրերի կինոնկարներ։ Նախքան կինոնկարի ցուցադրությունը փորձառու դիջեյներն ապահովում են բարձրաճաշակ երաժշտություն։
6. «Hot Tub» կինոթատրոն, Լոնդոն
![]() |
![]() |
Այս կինոթատրոնի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «տաք տաշտակ»։ Ավանդական կինոթատրոնների նստատեղերին այստեղ փոխարինում են տաք ջրով լի փչովի լողավազանները։ Ցուցադրվող կինոնկարները հնարավորություն են տալիս նոր էմոցիաներով ու գիտելիքներով զինվել, իսկ տաք ջուրը՝ ազատվել կեղտից ու թոթափել լարվածությունը։ Կինոդիտման ժամանակ կինոդիտման «սրահով» մեկ քայլում են բարեհամբույր մատուցողները, ովքեր ցանկության դեպքում կարող են խմիչք բերել Ձեզ համար։





