Հայաստանի՝ ԵՏՄ մտնելուց ի վեր փորձ է արվում ներկայացնել ԵՏՄ-ն որպես մի ամբողջական տնտեսական տարածք: Այդ դեպքում հետաքրքիր է Հայաստանում գազի գնի շուրջ առաջացած իբր սակագնի իջեցման հանգամանքը: Ռուսական Գազպրոմ ընկերությունը որոշել է Հայաստան առաքվող գազի գինը ՀՀ սահմանին 189 ԱՄՆ դոլարից իջեցնել 165 ԱՄՆ դոլարի: Հարցեր են առաջանում, որոնք բնավ չեն տեղավորվում նույն տարածք ասվածի տիրույթում:
Նախ, ի՞նչ ասել է Հայաստանի սահմանին գազի գին, երբ արդեն ունենք ընդհանուր տնտեսական տարածք, որում բնականաբար պետք է կիրառելի չլինի ՍԱՀՄԱՆ հասկացությունը տնտեսական առումով:
Երկրորդ՝ այդ նույն Գազպրոմը, որը Հայաստանում և՛ գազի առաքողն է, և՛ գնողը, և՛ վաճառողը, ապա միևնույն տնտեսական տարածքի միավորի համար ինչո՞ւ է հատկապես հաշվարկներն անում ԱՄՆ արժույթով:
Երրորդ, եթե հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անեին դեռ տարիներ ի վեր, ինքնիշխանության իրական պահպանման առումով, ապա կստացվեր, հետևյալը. ունենալ Իրանը Հայաստանին «կպած», ունենալ նաև այդ երկրի՝ ՀՀ-ում դեսպանի Հայաստանին հնարավոր էժան գազ մատակարարելու իրանյան կողմի պատրաստակամության մասին հայտարարությունը, ի՞նչն այլևս կարող էր Հայաստանին խանգարել ունենալ էներգակիրների, այդ թվում գազի մատակարարումների այլընտրանք: Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում՝ հենց ՌԴ-ի կողմից նույն գազի հետ կապված, նկատվում է արդեն ոչ թե ԵՏՄ մտնելու, այսինքն 2013թ.-ից, այլ 2004-2005 թվականներից, երբ ՀՀ մտնող իրանական գազամուղը նույն ՌԴ-ի պահանջով կառուցվեց ավելի փոքր տրամաչափով, իսկ մեկ տարի անց հանձնվեց նույն Գազպրոմին:
Պարզ է, որ ՌԴ-ն հետխորհրդային մյուս պետություններում էլ է բնականորեն ցանկանում իր խաղի կանոնները թելադրել, բայց հաշվի առնելով նույն գազի գնի տարբերությունները ԵՏՄ անդամ մյուս պետություններում, ստացվում է, որ ՌԴ-ի քաղաքականությունն ավելի շատ հաջողվում է հենց Հայաստանում: Ինքնիշխանության ավելի մեծ կամ իրական չափաբաժին ունենալու պարագայում այժմ Գազպրոմի գազի գնի քննարկման փոխարեն ուղղակի կքննարկվեր Իրան-Հայաստան գազի ծավալներն ավելացնելու կամ նոր գազամուղ կառուցելու հարցը, որը կունենար նաև տարանցիկ հնարավորություններ: Իսկ նման հարցը, ինչպես հայտնի է, արդեն ՌԴ-ի կողմից արգելանքի տակ է 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ից, արդեն պայմանագրային իրավական լծակներով: Ահա թե ինչ է նշանակում ինքնիշխանության՝ մաս առ մաս նվիրելը, տալը, վաճառելը, ու այս դեպքում բնավ էլ կարևոր չէ, թե ում՝ ռազմավարական դաշնակցին, թե որևէ այլ երկրի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/816421178449079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել