1in.am-ը գրում է.
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Թեհրանի ու Մոսկվայի միջև նոր համաձայնագիրը իրանցի արտահանողների համար բացել են շուկան և փոխադարձ առևտրի ծավալն ավելացնելու լավ հնարավորություն տվել։ Այս մասին Trend-ին հայտնել է Իրանի արտահանման համադաշնության փոխնախագահ, երկրի Առևտրի պալատի անդամ Մուհամեդ Լախուտին:
Նրա խոսքով՝ ռուսական ռուբլին կտրուկ անկում է ապրել՝ կապված պատժամիջոցների հետ, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ճգնաժամի պատճառով։ Մինչդեռ իրանական ռեալը ավելի է կայունացել՝ 2013թ. օգոստոսին երկրի նախագահ Հասան Ռուհանիի իշխանության գալով:
Իրանա-ռուսական առևտրի կրճատման պատճառներից էին երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքի բացակայությունը, այցագրային խնդիրները, ռուսական մաքսակետերում իրանական ապրանքների բարձր մաքսատուրքերը, ինչն ստիպել է իրանցի առևտրականներին մասամբ հեռանալ ռուսական շուկայից՝ ասել է Լախուտին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան 5 մլրդ դոլար:
Երկրները քննարկում են «նավթ ապրանքի դիմաց» պայմանագիրը, որի օգնությամբ Մոսկվան Թեհրանից կգնի նավթ՝ արտահանվող արտադրանքի, բեռնատար մեքենաների, մետաղների ու հացահատիկի դիմաց:
Ավելի վաղ Իրանի Առևտրի պալատի անդամ Մուհամմեդ Հուսեյին Բակխարդարը հայտարարել էր, թե տվյալ առաջարկը կարող է իրականացվել այս տարի, եթե ռուբլին կայունանա: