Մի հիանալի հոդվածի առնչվեցի՝ նվիրված «Նաիրաց պատերազմին»։ Մարինա Բաղդագյուլյանի հեղինակած հոդվածում նկարագրվում է Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի մեջ ծագած կոնֆլիկտը, որն այժմ երևի թե ամենաուշագրավ քաղաքական դրվագն է դարձել մեր ներքաղաքական կյանքում։ Մեջբերում եմ ամբողջությամբ:
Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ Խորհրդարանը զբաղեցրած խմբակցությունները զարդարելու են տիկնայք և օրիորդներ, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ ահա-ահա` մի օր կպայթի…
Եվ սպասումը չուշացավ:  Դեռ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ական օրիորդ Արփինե Հովհաննիսյանի մեքենան չարերը խազեցին, օրիորդն էլ դա վերագրեց չուզողությանը, սպասումը կրկնապատկվեց: Մեկ ամիս անց խազեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեքենան: Թեժացան տեսակետները, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը տեղափոխվել է մեքենաներ խազելու դաշտ: Միջադեպի կապակցությամբ եղան սրամտություններ, թե լավ է, որ հակամարտող կանայք կեռիկներով չեն գալիս ԱԺ և մեկը մյուսի զուգագուլպայի հատերը չեն քաշում:
Բայց, ահա, խորհրդարանական կանանց հակամարտությունը տեղափոխվել է «գաղափարական» դաշտ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կոալիցիոն պայմանագիրը շարունակում է մնալ ուժի մեջ: Խեղճ Շարմազանով. ի՞նչ իմանար, թե ինչ կրքեր են բորբոքվելու…
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ դա նույնն է, թե ասել, որ Սևրի պայմանագիրը ուժի մեջ է: Շարմազանովն էլ վրա բերեց, թե ԲՀԿ-ն շատ անհաջող համեմատություն է արել, քանի որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ հրաժարվում են այդ պայմանագրից: ԲՀԿ-ականներն կոալիցիա կազմելուց ամիսներ անց այլ աչքով վերընթերցեցին հայ-թուրքական արձանագրություններն ու հանկարծ պարզեցին, որ այնտեղ ոչինչ չի ասվում Սևրի պայմանագրի մասին:
Այստեղ ՀՀԿ-ն թաքուն խորհուրդ արեց ու որոշեց, որ ԲՀԿ-ականներին արժանի հակահարված պիտի հասցնի իրենց միջի Նաիրան: Եվ ահա, Նաիրա Կարապետյանն, իր համար էլ անսպասելի, դառնում է սյուժեի գլխավոր դերակատարներից մեկն իր այն հայտարարությունից հետո, թե ինչու է ԲՀԿ-ի Նաիրան հիմա հայտնում իր դժգոհությունները, չէ՞ որ նա ժամանակին պաշտպանում էր արձանագրությունների դիվանագիտությունը:
Տրագիկոմեդիան աստիճանաբար վերաճեց ու հասավ իր կուլմինացիային` դուրս մղելով Շարմազանովին, Վահե Հովհաննիսյանին, Սևրի պայմանագիրն ու Հայոց հարցը: Մեյդանում մնացին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի Նաիրաները` իրար հիշեցնելով իրենց կարդացած ու չկարդացած գրքերն ու նրանց հերոսներին` «Կամելազարդ տիկին»-ից մինչև «Անգլուխ ձիավոր»: Ու թեպետ երկուսն էլ «իրենց արժանապատվությունից ցածր են համարում» երկխոսության մեջ մտնել «կատարողների» հետ, սակայն տրագիկոմեդիայի կուլմինացիան արդեն քանի օր է` իր բարձրակետում է և դեռ չի երևում տրամաբանական ավարտը:
Հուսանք, որ պատմության վերջում արյան գետեր չեն հոսի, և կանայք ամենավերջում  կգերադասեն միմյանց զուգագուլպաներից հատեր քաշել ու խաղաղվել:

Նյութը՝ hayeli.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել