Ցավով եմ պատմում, բայց 5-6 տարի առաջ ընկերներով նստած էինք սրճարանում և կողքի սեղանի մոտ տեսա մի քանի տղամարդկանց, ովքեր առանց վախենալու և կաշկանդվելու հռհռալով լսում էին իրենց ընկերոջ տաղտկալի պատմությունը, թե ոնց է իրենց ընկերը (պետավտոտեսուչր), ով հենց ինքը պատմողն էր՝ 32 ատամները բաց, մի մեքենայով եվրոպացու կանգնեցրել և տեսնելով, որ խմած է, նրան վախեցրել, թե դա մեր երկրում մեծ հանցագործություն է և բացի մեծ տուգանքից նրան կարող են ձերբակալել՝ վերցնելով 800 եվրո: Մինչ այսօր ինձ մեղադրում եմ, որ մի լավ ապտակ չհասցրի և, կներեք արտահայտությանս համար, չթքեցի նրա երեսին: Եվ այս հիվանդությունը կա նաև հասարակության մեջ, թե ո՞նց անեն մեկին քցեն, խաբեն, ծիծաղեն նրա մազերի, հագած շորերի և նման տարբեր բաների վրա, ինչը, չգիտես ինչու, մեր երկրում ոմանց մոտ սխալ է ընդունվում և իրենց ճիշտը իրենց ծիծակ կոշիկներն ու իրենց սև համազգեստն է, որը շարունակվում է հաստ վզով և վերջանում փայլեցրած դատարկ մեծ գլխով և հավատացեք՝ այդ գլխի մեծությունը ուղեղի մեծության հետ կապված չէ, այլ ընդամենը մարմնի հետ սազում ա տենց: Եվ նման մի քանի անմակարդակների շնորհիվ մեր երկրի վարկանիշը ընկնում է: Իսկ հիմա գրեմ, թե ինչու հիշեցի այս պատմությունը:
Մի քանի զարգացած երկրներում, որտեղ որ հասցրել եմ լինել, տեղացիները իրենց երկիր այցելած մարդկանց ընդունում են ժպիտով, պահում իրենց հավասարի պես, փորձում այնպիսի տպավորություն թողնել, որ ոչ միայն ևս մեկ անգամ ցանկություն ունենաս գնալու, այլև այդ մարդկանց մասին պատմես, ներկայացնես իրենց և իրենց երկրի դրական կողմերը: Նման երկրներում վատ կողմերը քողարկվում են, և դու դա չես տեսնում, ինչի պատճառը նրանց վերաբերմունքն է իրենց երկիր այցելած մարդկանց նկատմամբ, և ամենևին էլ կարևոր չէ՝ հանգստանում ես, ներդրում ես կատարում, ցանկանում ես աշխատել այնտեղ և այլն: Կարևորն այն է, որ դու իրենց երկրում ես, և նրանք անում են ամեն ինչ, որ դու քեզ լավ զգաս: Հիանալի է, աննկարագրելի, անմոռաց, այնպիսի տպավորություն,որ իրենք իրականում այդպիսի հրեշտակ ժողովուրդ են: Բայց իրականությունը ամենևին այդպիսին չէ, և բոլորս էլ հասկանում ենք նման վերաբերմունքի պատճառները, օրինակ՝ մի քանի երկրներում տեղացիների հետ զրուցելիս ուղղակի զարմանք ապրեցի նման մտածելակերպով մարդկանց հանդեպ: Եվ ստորև կներկայացնեմ մի քանի կարևոր հարցեր և պատասխաններ:
- Ձեր երկրում 60 %-ից ավելին տարբեր ազգերի մարդիկ են, և տպավորությունն այնպիսին է, որ գրավել են ձեր երկիրը՝ արդյոք մտահոգություն չունե՞ք այս հարցի վերաբերյալ:
- Այո մենք խրախուսում ենք և շատ ուրախ ենք, որ այդ մարդիկ մեր երկրում են ապրում, և դա մեր զարգացման համար շատ կարևոր է, մենք ոչ միայն էկոնոմիկան ենք զարգացնում, այլև նրանց գիտելիքներն ենք գողանում:
-Հիանալի է, բայց մեծամասնությունը գալիս են անապահով մարդիկ, որոնց գիտելիքները գողանալու կարիք չունեք, մեծ գումարներ այստեղ չեն ծախսում, ներդրումներ չեն կատարում և շատ դեպքերում խնդիրներ են ստեղծում, օրինակ՝ գողություններ, տարբեր տեսակի հանցագործություններ և այլն:
-Այո՛, խնդիրներ կան և միշտ լինելու են, բայց նրանք մեր աշխատուժն են՝ հավաքարարներ, բանվորներ, տան աշխատողներ և նման այլ ծառայություններ իրականացնողներ, որոնց դեպքում բավականին քիչ ծախսեր են կատարվում, և շահեկան կողմը անհամեմատ ավելին է:
Ցանկացա ուղղակի ներկայացնել այս մարդկանց մտածելակերպը՝ համոզված լինելով, որ մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի կարողանանք նման մտածելակերպով և պահվածքով ներգրավվել այս գործընթացի մեջ: Ինչո՞ւ գործընթաց, քանի որ, հավատացեք, նրանց պահելաձևը և վերաբերմունքը բխում են միմիայն իրենց բարեկեցության և տեղացիների կենսամակարդակի բարձրացումից, այլ ոչ թե մարդու իրավունքները հարգելու և նրանց արժանապատիվ կյանքի հնարավորություն տալու համար: Իսկ ինչ-որ մեկը այսքան ժամանակ հարց տվե՞լ է գոնե ինքն իրեն, թե ինչո՞ւ մենք յոլա չենք գնում այլ ազգերի հետ և սկսում ենք քննադատել և նեղություն պատճառել նրանց, որ եկել ու տեղավորվել մեր երկրում հերիք չէ, հիմա էլ գործունեություն են ցանկանում ծավալել: Դա մեզ համար անձնական վիրավորանք է դառնում, և ամեն քայլափոխի տարբեր առիթներով վիրավորում են այդ մարդկանց՝ կլինի դա տաքսու վարորդ, որը շատ գումար կվերցնի, կլինի դա ուղղակի անցորդ, ում հասցեին տարբեր սեռական ռեպլիկներ կհնչեցնեն, և նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, ինչը վարակի պես քայքայում է մեր երկիրը: Իմ կարծիքով, այս մասով պետք է լուրջ բարեփոխումններ իրականացվեն պետական մակարդակով և հասկացնեն հասարակությանը, որ այդ մարդկանց այցը մեր երկիր առաջին հերթին մեր շահն է: