1in.am-ը գրում է.
Սիրիայի հարցով խորհրդակցություններին, որոնք կսկսվեն Ժնևում մայիսի 4-ին, կմասնակցի ավելի քան 10 երկիր՝ ՄԱԿ ԱԽ-ի անդամները և տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Նշվում է, որ ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն խորհրդակցություններին տարբեր ժամանակ՝ մի քանի շաբաթների ընթացքում։ Սիրիայից հրավիրված են կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Իսլամական Հանրապետությունը ներառվել էր 2014-ի հունվարին «Ժնև-2» համաժողովի մասնակիցների նախնական ցուցակում, սակայն սիրիական ընդդիմության ու նրան աջակցողների ճնշման ներքո հանվել։ Այս անգամ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան պնդել է խորհրդակցություններին Թեհրանի մասնակցությունը։