Երեկ «Շանթ» հեռուստաընկերության նախագծի շրջանակներում ելույթ ունեցավ մի աղջիկ, ով արդեն մասնակցել էր նույն հեռուստաընկերության այլ նախագծերի: Ժյուրիի անդամների և հանդիսատեսի հրճվանքին չափ ու սահման չկար: Որ տվյալ մասնակիցը վատ է «երգում», փաստ է, բայց եկեք հասկանանք, թե նա ինչպես է հայտնվում բեմում և դառնում ծիծաղի առարկա: Որպես կանոն՝ մինչ ժյուրիի առջև ելույթ ունենալը անցկացվում են նախնական լսումներ, և հաջորդ փուլ են անցնում միայն երգելու կարողություն ունեցող մասնակիցները: Այս աղջկա դեպքում հետաքրքիր է, թե ինչպիսի՞ մոտեցում է ցուցաբերվել: Կա՛մ նախնական լսումներ անցկացնող «մասնագետներն» երգից և երգեցողությունից բան չեն հասկանում, կա՛մ էլ այսպիսի մասնակիցներին դիտավորության սկզբունքով են «անցկացնում» հաջորդ փուլ, որպեսզի ցուցադրելու բան ունենան և ապահովեն անմակարդակ շոու: Որևէ հեռուստաընկերություն իրավունք չունի մասնակցի (մարդու) ինքնասիրության հաշվին ձևավորելու սեփական կեղծ վարկանիշը: Ասենք՝ նման մասնակիցները չեն հասկանում, որ իրենք վատ են երգում, իսկ այդ երաժշտական նախագծերի՝ իրենց «պրոֆեսիոնալ» համարող աշխատակազմը չի՞ գիտակցում, որ հանրային մակարդակով ծաղրանքի է ենթարկում տվյալ մասնակիցներին և զուգահեռաբար էլ հպարտանում իր անքաղաքավարի և հակաեթերային պահվածքով: Մի խոսքով, պետք է նախ հստակ պատասխան տան այս հեռուստաընկերության երաժշտական նախագծերի պատասխանատուները, թե ինչպե՞ս են նման մասնակիցները նախնական լսումների փուլից անցնում լսումների փուլ և հայտնվում եթերում (կարծում եմ՝ այդ նախնական լսումներ անցկացնողներին ավելի շատ պետք է ծաղրել, քանի որ նրանց ընտրած և անցկացրած մասնակիցների որակին բազմիցս ականատես ենք եղել): Պետք չէ այս մոտեցմամբ ապահովել մասնակիցների պահանջված քանակը և ցույց տալ, որ հայտագրվել են հազարավոր մարդիկ: Վստահ եմ, որ նման հակաեթերային և հակամարդկային պահվածքով «Շանթ«-ը շուտով կվերածվի «ԱԼՄ»-ի և կգերազանցի նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: