«Շանթը» իր PR-ի համար պղծում է միջազգային հայտնի շոուն՝ աստիճանաբար վերածվելով ԱԼՄ-ի


13:02 , 29 հոկտեմբեր, 2012

Երեկ «Շանթ» հեռուստաընկերության    նախագծի  շրջանակներում  ելույթ  ունեցավ  մի  աղջիկ, ով արդեն  մասնակցել   էր  նույն  հեռուստաընկերության  այլ  նախագծերի: Ժյուրիի  անդամների  և  հանդիսատեսի  հրճվանքին  չափ  ու  սահման  չկար: Որ տվյալ  մասնակիցը վատ  է «երգում»,  փաստ  է, բայց  եկեք  հասկանանք, թե  նա  ինչպես  է  հայտնվում բեմում  և  դառնում  ծիծաղի  առարկա: Որպես  կանոն՝  մինչ   ժյուրիի  առջև  ելույթ  ունենալը  անցկացվում  են  նախնական  լսումներ, և  հաջորդ  փուլ  են  անցնում  միայն  երգելու  կարողություն  ունեցող  մասնակիցները: Այս  աղջկա  դեպքում  հետաքրքիր  է, թե  ինչպիսի՞ մոտեցում  է  ցուցաբերվել: Կա՛մ  նախնական  լսումներ  անցկացնող «մասնագետներն» երգից  և  երգեցողությունից  բան  չեն  հասկանում, կա՛մ  էլ այսպիսի  մասնակիցներին  դիտավորության  սկզբունքով  են  «անցկացնում» հաջորդ  փուլ, որպեսզի ցուցադրելու  բան  ունենան  և  ապահովեն  անմակարդակ  շոու: Որևէ հեռուստաընկերություն  իրավունք  չունի  մասնակցի (մարդու) ինքնասիրության  հաշվին  ձևավորելու   սեփական կեղծ  վարկանիշը: Ասենք՝  նման  մասնակիցները   չեն  հասկանում, որ  իրենք  վատ  են  երգում, իսկ  այդ  երաժշտական  նախագծերի՝ իրենց   «պրոֆեսիոնալ» համարող  աշխատակազմը  չի՞ գիտակցում, որ  հանրային  մակարդակով  ծաղրանքի  է  ենթարկում  տվյալ  մասնակիցներին  և  զուգահեռաբար  էլ  հպարտանում  իր  անքաղաքավարի  և  հակաեթերային  պահվածքով: Մի խոսքով, պետք  է  նախ  հստակ  պատասխան  տան   այս  հեռուստաընկերության  երաժշտական  նախագծերի  պատասխանատուները, թե  ինչպե՞ս են  նման  մասնակիցները   նախնական  լսումների  փուլից  անցնում   լսումների  փուլ  և  հայտնվում  եթերում (կարծում  եմ՝  այդ  նախնական  լսումներ  անցկացնողներին  ավելի  շատ  պետք  է  ծաղրել, քանի  որ   նրանց   ընտրած  և  անցկացրած մասնակիցների  որակին  բազմիցս  ականատես  ենք  եղել): Պետք  չէ  այս  մոտեցմամբ   ապահովել  մասնակիցների  պահանջված  քանակը  և  ցույց  տալ, որ հայտագրվել են հազարավոր  մարդիկ: Վստահ  եմ, որ նման հակաեթերային և հակամարդկային  պահվածքով «Շանթ«-ը շուտով  կվերածվի «ԱԼՄ»-ի և  կգերազանցի նրան: