1in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ի հիմնական բաժնետեր ու տնօրենների խորհրդի անդամ Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանը հանձնարարել է տրանսֆերի հանել 25-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսին ու 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին: «Известия»-ի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստ է դիտարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքի կամ վարձակալության հետ կապված ցանկացած առաջարկ:
Հիշեցնենք, որ Sport-express-ը հարցազրույց էր հրապարակել Արազ Օզբիլիսի հետ, որտեղ ֆուտբոլիստը նշում էր, որ թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն իրեն մեկնարկային կազմում չի ընդգրկում այն պատճառով, որ ինքը հայ է, նա՝ թուրք: Բացի այդ, Արազը նշել էր, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, մարզիչն իրեն երկրորդ թիմ էր ուղարկել:
Երեկ Օզբիլիսը հանդես եկավ հայտարարությամբ: Ֆուտբոլիստը նշեց, որ իր խոսքերն աղավաղվել են: «Սպարտակ»-ը պատրաստվում է տուգանել կիսապաշտպանին:
Ֆեդունը կարծում է, որ այդ հարցազրույցի հրապարակման հարցում շահագրգիռ է եղել թիմի մեկ այլ բաժնետեր՝ Ջևան Չելոյանցը, ով ի սկզբանե դեմ էր Յակինի նշանակմանը, իսկ հիմա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Տուլայի «Արսենալ»-ը գլխավորող Դմիտրի Ալեյնիչևին: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Չելոյանցն ու Ֆեդունը վիճաբանել են:
Պարբերականի տեղեկություններով՝ Ֆեդունը հանդիպել է Յակինին ու նրան հայտնել իր վստահությունը: Ֆեդունը կարծում է, որ երկրպագուների, ֆուտբոլիստների, ակումբի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների ճնշումը թուրքական ծագմամբ շվեյցարացի մասնագետին խանգարում է աշխատել:
Յակինը «Սպարտակ»-ը գլխավորել է 2014թ.: Նրան անձամբ պայմանագիր է առաջարկել Ֆեդունը, մինչդեռ նախկին մարզիչներ Լաուդրուպին ու Էմերիին հրավիրել էին Ռոման Ասաբխաձեն ու Վալերի Կարպինը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 25-րդ տուրից հետո «Սպարտակ»-ը 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: