Նկարը՝ Պետո Պողոսյանի |
Գնում եմ կեսօրի միջով – Երևանի սրտում եմ: Երևանցիները … Ահա դիմացից գալիս է թանկ ու հնաոճ կոստյումով մարդը, որ փողկապի մեջ դրել է իր ամբողջ արժանապատվությունը: Արդեն տարիքով է, կոստյումի կտորը` ուշ սովետի ժամանակներից – անմեղ սովետական կոռուպցիոներ է եղել, ասենք` ՍՈւ-ի պետ (իմացա՞ք՝ սա որն է – строительное управление), այժմ գնում է իր կառուցած քաղաքի միջով, բայց հիմա ձեռքին ոչ մի շինարարական օբյեկտ չունի… Գնում է անցած քաղաքակրթության վերջին մոհիկաններից մեկը…
Կոմիտասի շուկայի կանգառում երթուղային եմ նստում, դեռ չի շարժվել, այս երթուղայինին մոտենում է մի կին… Դիմագծերը լիքն են ու կոպիտ – նման է մի քիչ ամերիկյան հնդկացու, տարիքը` դեպի 45-ն է գնում, մաշկը` երեկվա լավաշի քնքշության… Բնավ չես ասի, թե գեղեցիկ է – բայց պարանոցը այնպես նազանի թեք է պահում, խոշոր աչքերում այնպիսի մի գաղտնիք կա, շուրթերին` գրեթե նորածին մի ժպիտ – որ ամբողջ տեսքով ասում է աշխարհին` «Ես գեղանի եմ»– և ո՞վ կարող է վիճարկել Կնոջ սրտի` Բնության բարձրագույն ատյանի այս որոշումը:
Մաեստրոն… Դեմքի կնճիռների մեջ – Հայաստանը: Լեզուն խոնարհ է – արորի խոփի նման, ոչ մի ավելորդ բառ չի ասում: Իր Նվագը խոնարհ է, իր Գործիքը խոնարհ է… Միայն հերկում է: Իր գործը հերկելն է… Վարպետս, կարդայիր գրածս, քանի~ իզուր բառ կհանդիպեիր… Հանեի՜ր, սինոռին գցեիր…
Գնում եմ կեսօրի միջով – Երևանի սրտում եմ: