1in.am–ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «խայտառակություն» է անվանել այն փաստը, որ կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում: Այս մասին քահանայապետը հայտնել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ամբոխին ուղղված ուղերձում, գրում է La Repubblica-ն:
«Ինչու այն, որ կանայք պետք է տղամարդկանցից քիչ վաստակեն, ինքնըստինքյան նորմալ է համարվում: Ո’չ: Նրանք ունեն միևնույն իրավունքները: Այդ տարբերությունն ամենաիսկական խայտառակությունն է»,- ասել է Հռոմի պապը:
Ըստ քահանայապետի` քրիստոնյաները պետք է «վճռորոշ կերպով» աջակցեն հավասար աշխատանքի դիմաց հավասար աշխատավարձի սկզբունքին:
Ֆրանցիսկոսը նաև քննադատել է այն մարդկանց, ովքեր կարծում են, որ աշխատող կանայք են մեղավոր ընտանեկան ավանդական մոդելների ճգնաժամում: Նրա խոսքերով` այդ դիրքորոշումը ևս սեռականության դրսևորումներից է և տղամարդկանց` կանանց իշխելու ձգտումը: