1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ հարցազրույցում, որտեղ ինքը սուր քննադատության էր ենթարկել «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, իր խոսքերն աղավաղվել են:
«Այո, հասկանում եմ, որ միգուցե չմտածված արարք եմ արել՝ լրագրողի հետ խոսելով առանց «Սպարտակ»-ի մամլո ծառայության թույլտվության: Այդպիսով խախտել եմ ակումբի կանոնակարգն ու պատրաստ եմ պատժվել:
Այսօր կարդացել եմ այդ հարցազրույցը: Անկեղծ ասած, շոկի մեջ էի: Առաջին հերթին՝ ես հարցազրույցում այլ ֆուտբոլիստներ անուն չեմ տվել: Սա միայն իմ խնդիրն է, որտեղ չեմ ցանկանում ներառել այլ խաղացողների: Խոսքերը, իբր ասել եմ, որ «Սպարտակ»-ի խաղացողները չեն հասկանում՝ ինչ է կատարվում թիմում, սուտ են:
Առաջին հերթին՝ ծնվել եմ Թուրքիայում: Այնտեղ ապրում են հարազատներս, խոսում եմ թուրքերեն, այդ թվում և Մուրատ Յակինի հետ: Այդ իսկ պատճառով ոչ մի ազգային խնդրի մասին խոսք լինել չի կարող:
Հնարավոր է՝ լրագրողը յուրովի է փորձել մեկնաբանել խոսքերս՝ աղավաղելով այն: Նրան ասացի, որ ոմանց մոտ կարող է նման ենթադրություն լինել, ինձ մոտ՝ ոչ»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակված հարցազրույցում նշվում էր, իբր Օզբիլիսն ասել է, որ մարզիչն իրեն հիմնական թիմում չի ընդգրկում այն պատճառով, որ ինքը հայ է, իսկ նա՝ թուրք: «Սպարտակ»-ը պատրաստվում է տուգանել Արազին: