Անցած տարի, երբ կուտակային կենսաթոշակի շուրջ քննարկումների ժամանակ պնդում էի, որ մենք կարիք ունենք նոր համակարգի, որ եղածով առաջ գնալ չի լինի, որ կուտակայինը լավ լուծում կլինի և այլն, հայտնվել էի հոսանքին հակառակ ուղղությամբ:
Հիմա պետք է ցավոք խոստովանեմ, որ իմ բոլոր ընդդիմախոսներն ունեն շատ հստակ փաստեր, որոնցով կարող են հիմնավորել, որ առնվազն մինչև հիմա ես սխալ եմ եղել: Ու դրա պատճառը ոչ թե կուտակային համակարգի վատը լինելն է (հիմա էլ եմ պնդում, որ կուտակայինն անհրաժեշտ է), այլ մեր պետական ինստիտուտների փնթի, անպատասխանատու աշխատանքն է:
Նախորդ տարվա իմ հաշիվների մասին հաշվետվությունից պարզվում է, որ ընդամենը 3 ամսվա գումար է փոխանցված կուտակային հաշվիս, այն դեպքում, որ երկու տեղ եմ գրանցված որպես աշխատող, ու երկու տեղից էլ գործատուները վստահեցնում են, որ փոխանցել են ամբողջը: Ու նույն վիճակը մյուս ծանոթներիս մոտ է:
Փաստորեն, ՀՀ ՊԵԿ Հարկային ծառայության ու Կենտրոնական դեպոզիտարիայի (թող իրենց մեջ որոշեն՝ ով ավելի մեծ մեղքի բաժին ունի) անհետևողական, անպատասխանատու աշխատանքի հետևանքով մի ողջ համակարգի նկատմամբ վստահությունը կասկածի տակ է դրվում: Եթե կուտակային համակարգը հենց առաջին տարում նման կոպիտ սխալներ է թույլ տալիս, ինչո՞վ ենք ապահովագրված ապագայում դրանց կրկնությունից:
Բարոյական վնասը դեռ մի կողմ, ես դեռ պատրաստ եմ բանավիճել ու հիմնավորել, որ կուտակային համակարգը կարևոր բարեփոխում է: Բայց ինձ անհատապես հասցվել է նյութական կոնկրետ վնաս, հասկանում ե՞ք, մեր պետական ինստիտուտներն ինձ նյութական վնաս են հասցրել հստակ՝ չափելի գումարի տեսքով:
Հիմա ո՞ւր են իմ կուտակային գումարները, ո՞վ է դրանց վրա փող աշխատում, ինչո՞ւ անցած տարվա ընթացքում իմ գումարներն աշխատել են ոչ թե իմ, այլ չես հասկանում ում օգտին: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի։



