1in.am-ը գրում է.
Օլիմպիական խաղերի 2012 թ բրոնզե մրցանակակիր, 2009թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2007 թ Եվրոպայի չեմպիոնուհի ու բազմակի մրցանակակիր, աշխահահռչակ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն ապրիլի 27-ին այցելել է Երևանի Ս. Շահումյանի անվան № 1 հիմնական դպրոց, հանդիպել աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:
Դպրոցի օրհներգով, պարային գեղեցիկ կատարումներով, մարզուհուն նվիրված բանաստեղծության արտասանությամբ Հռիփսիմեին հիացնելուց հետո աշակերտները բազմաթիվ հետաքրքրաշարժ հարցեր են ուղղել նրան: Անվանի մարզուհին մեծ սիրով ու պատրաստակամությամբ պատասխանելով բոլոր հարցերին, պատմել է, որ ինքը ծանրամարտով զբաղվել է 11 տարեկանից, և չնայած որ քիչ հայ աղջիկներ են այդ մարզաձևով զբաղվում, որոշել է շարունակել իր մարզումները, որի շնորհիվ էլ առաջին անգամ լուրջ հաջողության է հասել և մեդալ նվաճել 18 տարեկանում:
Հայտնի և բոլորի կողմից սիրված մարզուհին նշել է, որ չնայած ստացած լուրջ վնասվածքին ու տարած վիրահատությանը, ինքը երբեք չի վհատվել ու մարզվելով կարողացել է 6 ամսվա ընթացքում նախապատրաստվել ու մասնակցել 2012 թ. օլիմպիական խաղերին, որտեղ էլ արժանացել է բրոնզե մեդալի: Նա իր ամենամեծ երազանքն է համարում հաջորդ՝ 2016 Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելը:
Խոսելով հետաքրքրությունների մասին՝ նա ասել է, որ ազատ ժամանակ սիրում է զբաղվել ձեռագործությամբ, ընթերցանությամբ ու իր անձնական օրինակը բերելով՝ կոչ է արել դպրոցականներին լինել համառ, նպատակասլաց, անկոտրում, հաղթահարել բոլոր դժվարությունները, պայքարել ու հասնել բաղձալի երազանքին: