Կար մի ժամանակաշրջան, որ մեր երգիչ-երգչուհիների մեծ մասի կատարումները սոուլ ոճի մեջ էին: Անկեղծ ասած՝ դա բավականին տհաճ էր, որովհետև նախ` հիթային չէին երգերը, երկրորդը` հանդիսատեսը հոգնել էր մոնոպոլիզացված երգարվեստից: Հիմա ամեն բան փոխվել է, շոու բիզնեսի դաժան աշխարհը հաղթեց բոլոր մոնոպոլիաներին և սկսեց թելադրել իր պահանջները: Մեր կատարողներից շատերի երգացանկը փոխվեց: Նախկինում ժողովրդական, պոպուլյար և այլ ուղղությունների ներկայացուցիչները կամաց-կամաց սկսեցին իրենց երգացանկերում ռաբիս ոճի երգեր ընդգրկել: Երկրպագուների մեծ մասին դա դուր եկավ, իսկ շատերի մոտ առաջացրեց տարակուսանք: Ի՞նչն էր պատճառը, որ երգարվեստը սկսեց նահանջ ապրել:
Հարցին լիարժեք պատասխանելու համար անհրաժեշտ է անցկացնել գոնե մեկ զուգահեռ: Մի քանի օր առաջ զրուցում էի մի հիանալի շինարար-վարպետի հետ, որը, չնայած պատկառելի տարիքին, դեռ ստեղծագործում է: Այո, բառը տեղին եմ օգտագործել, որովհետև ժամանակին նրա կառուցած տներն իրոք արվեստի գործեր էին: Վարպետը բողոքում էր, որ մարդիկ սկսել են ավելի անճաշակ դիզայնի վերանորոգումներ պատվիրել` ուղղորդվելով նորահայտ, հաճախ ինքնակոչ դիզայներների խորհուրդներով: Շինարարի գործը կատարելն է, նա իրավունք չունի խառնվել պատվիրատուի ցանկություններին: Ստիպված իմ շինարար բարեկամը կատարում է պատվիրատուների ամենազարմանազան պատվերները: Ի վերջո, նրա եկամտի աղբյուրը հենց այդ պատվիրատուներն են։ Հիմա վերադառնանք մեր հերոսներին: Սոուլ երգեր երգելով` այսօր երգիչ-երգչուհիները գումար վաստակել չեն կարող, կամ կարող են, բայց այնքան քիչ, որ անգամ չի հերիքի նոր երգեր գնելու, գործիքավորելու և այլ՝ իմիջիայլոց շատ հսկայական ծախսերը հոգալու համար: Ուզած-չուզած՝ կատարողներն ընտրում են ֆինանսական եկամուտ ապահովող ուղղություն: Գաղտնիք չի, որ այսօր ամենաեկամտաբերը հենց ռաբիս երաժշտությունն է: Այսինքն թե` փող տվող մասսան նախընտրում է ռաբիսը, իսկ ով վճարում է, նա էլ իրավունք ունի պատվիրել իր նախընտրած երաժշտությունը: Պարզ է, որ արվեստագետը չպիտի ընդառաջ գնա անճաշակությանը, բայց որևէ մեկը բարոյական իրավունք անգամ չունի մարդուն փող աշխատել արգելելու: Թե երբ երաժշտական այսօրինակ տենդենցները կփոխվեն` դժվար է ասել, քանի որ մինչ օրս մենք ռեստորանային արվեստն ասոցացնում ենք հենց ռաբիսի հետ: Գուցե արդեն գործում են հատուկենտ օբյեկտներ, որտեղ ռաբիսի մուտքն արգելված է, բայց դե բոլորս էլ գիտենք, որ ցանկացած ուրախության ու քեֆի ժամանակ իշխում է հենց ռաբիս երաժշտությունը: Ում այն տհաճ է, դուրս կարող է գալ սրահից, բայց միևնույն է՝ հետո կվերադառնա ու հետզհետե կխառնվի «պատրոն դաշի» ու «ջան ախպերսի» տակ տվայտվող մասսային:
Արվեստագետները միշտ հանդիսանում են հասարակությանն ուղղորդող ու բարձր արժեքներ ստեղծողները բոլոր հասարակարգերում: Մեր պարագայում կրկին ինչ-որ բան փչացել է, ու արվեստագետները հասարակության գեղագիտական ճաշակը բարձրացնելու ու թելադրելու փոխարեն ենթարկվում են այդ նույն հասարակության պահանջներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/792687570812791?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել