Մանկուց ես հիշում եմ, որ մեր տան պատին կար մի նկար՝ ինչ-որ անհայտ նկարչի ստեղծագործություն։ Այնտեղ պատկերված էր շատ գեղեցիկ մի լեռ, ձյունածածկ գագաթներով, որոնք այնքան կատարյալ էին, որ կարծես իրական չլինեին։ Մենք ապրում էինք Ֆրանսիայի հարավում գտնվող մի փոքրիկ քաղաքում։ Ընտանիքի փոքրը ես էի, ուներ նաև երկու քույր և մեկ եղբայր։ Ծնողներս աշխատում էին մեր ընտանիքին պատկանող հացի արտադրամասում, արդեն մեծ եղբայրս էլ էր նրանց օգնում։ Փոքրերով սովորում էինք դպրոցում։ Մեզ հետ էր ապրում նաև բոլորիս կողմից շատ սիրված պապիկս։ Նա արդեն ծեր էր, բայց դեռ աշխույժ էր, շատ աշխատասեր՝ մշակում էր մեր այգին, բայց շատ տխուր աչքեր ուներ։ Ամենից շատ նա տխրում էր երբ նայում էր մեր պատից կախված լեռան նկարին։ Կարող էր երկար նայել, կարծես մտքերով էր ընկնում, գնում էր հեռու-հեռուն, դեմքին և՛ կարոտ էր նշմարվում, և՛ տառապանք և՛ ուրախություն, և՛ կսկիծ... Պապիկս սիրում էր ինձ հետ զրուցել.
- Լսի՛ր տղա՛ս, մենք ապրում էինք այս լեռան լանջին, մեր երկիրը կոչվում էր Հայաստան։ Մեր հողը շատ գեղեցիկ էր, բերքը՝ շատ համեղ, մարդիկ՝ շատ հյուրասեր և աշխատասեր, իսկ ջոիրը՝ պաղ և զուլալ։ Բոլորը ցանկանում էին տիրանալ մեր հողին։ Այն կարծես գերում էր բոլորին։ Ժողովուրդը պատմում է, որ մեր հողի վրա շատ հնում հսկա եղբայրներ են ապրել։ Նրանք շատ երջանիկ էին, բնության պարգևները բավարարում էին նրանց բոլոր պահանջները՝ անտառները լի էին որսով, այգիները՝ մրգերով, ջուրը՝ ձկներով և արտերը՝ ցորենով։ Բայց թշնամիներն անընդհատ ներխուժում էին իրենց տարածքը և գողանում բարիքները։ Որպեսզի բոլոր կողմերից պաշտպանեն իրենց հողը, եղբայրները կանգնեցին իենց երկրի սահմանին, շրջան կազմեցին և ձեռք-ձեռքի տվեցին։ Այնքան կանգնեցին, որ ձուլվեցին մայր հողի հետ և դարձան լեռներ: Ամենամեծ եղբայրը այս սարն է՝ մեր Արարատը,- և պապս ցույց էր տալիս պատից կախված նկարը։ Ինձ այնքան հարազատ էրդարձել նկարի վրայի այդ լեռը, որ երազում էի տեսնել այդ հողը, ծանոթանալ բոլոր եղբայրնորին՝ հայոց լեռներին։ Մի օր խնդրեցի պապիս պատմել , թե ինչո՞ւ են հեռացել իրենց երկրից։ Նրա պատմածը շատ հետաքրքիր էր, բայց և շատ ցավալի.
- Ես իմ երեք քույրերի հետ ապրում էի Էրզրում քաղաքում։ Մայրս մահացել էր, հայրս կտորեղենի խանութ ուներ։ Փոքրը ես էի, քույրերս արդեն օրիորդներ էին։ Երբ լուրեր եկան, որ թուրքերը հայերին տեղահան են անում, կոտորելով, մորթելով, ջարդելով, ստիպում են գնալ անապատ, հայրս էլ որոշեց օր առաջ փախչել, որ թուրքի ձեռքը չընկնենք, հատկապես քույրերս։ Հավաքեցինք ամենաանհրաժեշտ իրերը՝ ընդամենը 3 կապոց, և գիշերով ճանապարհ ընկանք։ Հայրս թանկարժեք իրերը թաքցրեց առաստաղի մեջ՝ հուսով, որ ամեն բան կհարթվի, կվերադառնանք։ Դուռը ձակեցինք և ճանապարհ ընկանք։ Լսելով, թե որ կողմից են գալիս ջարդի լուրերը՝ շարժվեցինք հակառակ ուղղությամբ։ Ամբողջ գիշեր գնացինք, անցնում էինք ամայի տարածքներով, քնած գյուղերով, հույս ունենալով ավելի շուտ հասնել Արաքս գետին, քան թուրքերը կհասնեն մեզ։ Շատ քիչ էինք կանգնում, միայն մի բան ուտելու, որ ուժասպառ չլինենք։ Բայց հաջորդ օրը երեկոյան հասանք մի գյուղ, որում հայրս հեռավոր հարազատ ուներ։ Որոշեցինք գիշերել նրանց տանը, իսկ առավոտյան ճանապարհ ընկնել։ Մեր բարեկամը բավական ընդարձակ տուն ուներ՝ ապրում էին ինքը, կինը և 2 դուստրերը՝ իմ քույրերի հասակակից։ Հաշվի չառնելով ամուսնու սաստող հայացքները՝ կինը ասաց, որ տեղ չկա տանը, մեզ կարող են տրամադրել միայն անասնագոմը։ Հայրս չտրտնջաց։ Տեղավորվեցին չոր խոտի վրա, գոմի ետին պատի մոտ, որ մի քիչ հանգստանանք, լուսաբացին շարժվենք։ Գիշերը շատ մեծ աղմուկ լսեցինք, բոլորս արթնացել էինք, բայց հայրս հասկացրեց, որ լռենք։ Մեզ հասնում էին աղաղակներ, լաց, թուրքերեն լեզվով սպառնալիքներ։ Վախից կուչ էինք եկել։ Բավական ուշ ամեն ինչ լռեց։ Արդեն լուսանում էր։ Մի քիչ էլ սպասեցինք, հետո հայրս դուրս եկավ։ Չնայած նրա արգելքներին՝ մենք էլ մոտեցանք գոմի դռանը։ Այն ինչ տեսանք սարսափելի էր՝ տան տերերի մարմինները ընկած էին բակում, այլանդակված սրի հարվածներից, տան դուռը բաց էր, ամեն ինչ տակնուվրա արած, իսկ աղջիկները չկային։ Երևի թուրքերը նրանց տարել էին։ Փաստորեն տանտիրուհին մեզ փրկեց՝ առաջարկելով գոմում գիշերել։ Բայց մենք էլ չշրջանցեցինք թուրքի գերությունը։ Հաջորդ օրը մեզ հանդիպեց տեղահանված հայերի շարասյունը, որ թուրքերը քշում էին Դերզոր։ Մեզ էլ միացրին այդ խմբին, հայրս չդիմադրեց, որ մեզ չվնասեն։ Այդպես եկանք հասանք Սիրիա, որտեղից նավով եկանք Ֆրանսիա։ Թե ինչեր տեսան իմ մանկական աչքերը այդ ճանապարհին, դժվար է նկարագրել։ Ասեմ միայն, որ ես դա երբեք չեմ մոռանա։ Քույրերիցս մեկը հասավ Սիրիա, երկուսին թուրք զինվորները տարան։ Ամենափոքր քրոջս ես և հայրս պահում էինք, տղայի շորեր էինք հագցրել, աշխատում էինք, որ աչքի չընկնի։
Պատմելիս պապիկս անընդհատ լաց էր լինում, կարծես նորից էր վերապրում այդ ամենը։ Վերջում նա ինձ խնդրեց, որ երբ մեծանամ, գնամ Հայաստան, տեսնեմ մեր հողը, մեր լեռները։ ՊԱպիկս ասում էր, որ իր արմատները այդ հողում են, նրանք ինձ ուժ կտան, իմ նախնիների էներգիան կտան։ Իսկ ինքը՝ վերջին անգամ իմ աչքերով կտեսնի մայր հողը, Արարատը և հանգիստ կմեռնի։ Պապիկս հիվանդ էր, թույլ, ասում էր արմատից զրկված ծառը կամաց-կամաց կչորանա, այդպես էլ ինքն է։ Անցավ 5-6 տարի։ Ես արդեն ուսանող էի, բժշկություն էի ուսումնասիրում։ Պապիկիս առողջությանն անձամբ էի հետևում։ Ամռանը հայ ընկերներով որոշեցինք այցելել Հայաստան, տեսնել մեր վեհ լեռները, մեր հսկա եղբայրներին։ Պապիկս, ոչ իմացավ, շատ ուրախացավ, ասեց, որ վերջապես ինքն էլ կհանգստանա։ Երբ ոտքս դիպավ Հայաստանի հողին, ինձ թվաց, թե հազար հատ սիրտ ունեմ, կարծես հոգով հսկա էի դարձել, այնքան ուժ էի զգումիմ մեջ, այնքան եռանդ։ Երկիրը շրջապատված էր լեռներով, իսկ Արարատը՝ գերի ընկած մեծ եղբայրը, իր խիստ հայացքով հսկում էր եղբայրներին, որ թշնամուն մոտը չթողնեն մեր սուրբ հողին։ Հետագայում ես իմացա, որ հենց այդ պահին պապիկս լայն բացել է աչքերը, իսկ հաջորդ պահին հավերժ փակել։ Ահա թե ինչ նկատի ուներ պապս՝ հանգստանալ ասելով։ Նա զգաց, որ իր արմատները կենարար ուժ ու ոգի տվեցին իր ճյուղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել