Անցավ ապրիլի 24-ը, որի շուրջ, ինչպես նաև կազմակերպված միջոցառումների մասին դեռ շատ կխոսվի: Սակայն ինձ ավելի հետաքրիր է, թե ինչ կլինի ապրիլի 25-ին, 26-ին, Ցեղասպանության 101-րդ կամ 110-րդ տարելիցների ժամանակ:
Իսկ գալիք տարելիցներին ու դրա հետ մեկտեղ մեր շուրջը կատարվող փոփոխություններին համահունչ շարժվելու և դրանք ընկալելու համար անհրաժեշտ է, որ մենք էլ փոխվենք: Մտածողության փոփոխման, թեկուզ ոչ ամբողջական, բայց որոշակի սաղմեր նկատվեցին այս օրերին: Ողբացող զոհի հոգեբանությունը կամաց-կամաց իր տեղը զիջում է հպարտ ու վերածնված հասարակության հոգեբանության: Դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ:
Այուամենայնիվ, վերածնունդի սաղմերը մեր հասարակության մեջ սկսում են ծլել և բողբոջել, ինչը, կարծում եմ, դրական երևույթ է: Մենք դա տեսանք հատկապես երիտասարդ սերնդի մոտ, որը System of a Down-ի համերգի ժամանակ իր վարքագծով ուղղակի ասաց՝ բավ է լացել: Իսկապես, բավ է ողբալ և չտեսնել այն ձեռքբերումները, որ կան, որոնց մենք հասել ենք:
Իսկ դրանք շատ են: Դարերով պետականություն չունեցող մի ազգ անցնում է ցեղասպանության դժոխքով, ստալինյան ռեպրեսիաներով, Սպիտակի արհավիրքով ու ղարաբաղյան պատերազմով, բայց ստեղծում է պետություն, հաղթում պատերազմում և կերտում երկրորդ պետությունը՝ Արցախի Հանրապետությունը: Իմիջիայլոց, Հայաստանը եվրաինտեգրվող հետխորհրդային երկրներից միակն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նոր տարածքներ է ձեռք բերել և ստեղծել մարտունակ բանակ: Սա ձեռքբերումների մասին: