Հին Հնդկաստանում կար մի հզոր արքա Բհարատ անունով: Նրա օրոք թագավորությունը ընդարձակվել էր աննախադեպ չափերի և ձգվում էր Հիմալայան լեռներից մինչև Հնդկական Օվկիանոս: Նա ոչ միայն հզոր էր և անպարտելի, այլ նաև ուներ արդար և իմաստուն թագավորի համբավ: Այդ իսկ պատճառով իր օրոք երկիրը կոչվեց իր անունով և այդպես էլ շարունակվում է մինչև հիմա:

Բհարատ թագավորը ուներ 9 որդի: Երբ նա արդեն բավականին տարեց էր, եկել էր թագաժառանգ ընտրելու օրը: Թե արքունիքը և թե բոլոր հպատակները անհամբեր սպասում էին նրա որոշմանը, թե 9 որդիներից ով է լինելու իրենց հաջորդ արքան: Երկար խորհելուց հետո նա բոլորին ցնցեց իր ըտնրությամբ: Իմաստուն արքան հայտարարեց, որ իր որդիներից ոչ մեկը արժանի չէ թագավորությունը ժառանգելուն, քանի որ չունի այսպիսի խոշոր թագավորություն կառավարելու հատկանիշներ: Ուստի և թագաժառանգ է նշանակում ավելի արժանի թեկնածուի՝ իր հավատարիմ իշխաններից մեկի որդուն, չնայած որ նա ոչ մի արյունակցական կապ չուներ արքայական տոհմի հետ:

Սա մի աննախադեպ իրադարձություն էր, երբ պատմության մեջ առաջին անգամ տիրակալն ինքը կոտրում է ժառանգական ավանդույթը և թագաժառանգ է նշանակում ոչ թե իր որդուն, այլ օտար, բայց արժանի մարդու՝ ըստ կառավարման ընդունակությունների և թագավոր կոչվելու արժանիքների: Այս նոր ավանդույթը Հնդկաստանում շարունակվեց մի քանի սերունդ, սակայն ցավոք հետո նորից վերադարձան ժառանգական կարգին:

Ճշմարիտ ղեկավարի բարձրագույն հատկանիշը ոչ այնքան հզորությունն է, կամ խելքը, հռետորական վարպետությունը և ուրիշ հատկանիշներ, այլ ինքնազոհությունը հանուն երկրի և նրա բնակիչների՝ ժողովրդին ճշմարտորեն ծառայելու հատկանիշը:

Մեկնաբանություն «Մահաբհարատ» էպոսից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել