Երկու իրադարձություն՝ հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցն ու թրքական Չանաքալե ճակատամարտի 100-ամյակը, որը այս տարի Թուրքիան որոշել է անցկացնել ապրիլի 24-ին։ Քայլն, ի դեպ, բուռն ողջունվեց Ադրբեջանի նախագահի կողմից, ով նշեց, որ շատ խորհրդանշական է տոնակատարությունները նշել «հենց այդ օրը»։ Աննախադեպ լրատվական հոսք ամբողջ աշխարհից երկու թեմաներով էլ, ու կուզեմ համեմատել Թվիթերյան միջավայրում տեղի ունեցածը, ինչը շատ հարցերի վրա լույս կարող է սփռել։ Նշեմ, որ գրեթե յուրաքանչյուր լուր, որ հայտնվում է լրատվական դաշտում, իսկույն իր տեղն է գտնում Թվիթերում, որտեղ ի տարբերություն այլ սոց ցանցերի՝ հնարավոր է մանրամասն վերլուծել ողջ հոսքը։

Մինչ սրբադասման արարողությունն ամեն ինչն իր սովորական հունով էր ընթանում, հոսքը սովորականից մեծ էր, բայց դեռ ամեն ինչ առջևում էր։ Պաշտոնական #ArmGenocide100 ու #ArmenianGenocide թեգերը մեկում ունենում էին մոտ 1000 գրառում։ Գալիպոլին գալիս էր հետևից։


Այսպիսով, ապրիլի 23-ին ժամը 17-ին Էջմիածնում մեկնարկեց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը։ Ցեղասպանության պաշտոնական հեշթեգը հավաքում էր ժամում մինչև 1000 գրառում, մինչ #Armenia բառը կիրառում էին մոտ 2000-2500 անգամ։ Սակայն միացան նաև թրքական Գալիպոլիի պաշտոնական հեշթեգը՝ #Gallipoli100, որն իր գրառումների քանակով որոշ ժամանակահատվածներում հավաքում էր մոտ երկու անգամ ավել գրառում, քան մերը։ Ժամը 19-ին մեկնարկեց System of a Down-ի համերգը, որը մեր թեգերին քանակ չավելացրեց, քանի որ ավելի շատ գրում էին #Systemofadown, #Wakeupthesouls ու #SOAD հեշթեգերով, որոնց վիճակագրությունը չունեմ, սակայն ամեն դեպքում հոսքը պետք է որ ավարտված լիներ մինչև կեսգիշեր։




Պետք է նշել նաև, որ կեսգիշերից հետո առաջ եկավ #ErmenilerdenÖzürDiliyorum հեշթեգը, որը թարգմանաբար նշանակում է «Ներողություն եմ խնդրում հայերից»։ Այս երևույթը շատ անսպասելի էր ինձ համար, քանի որ թուրքերեն հեշթեգը թուրքերի զգալի քանակի հաշվին գիշերվա 12-ին բարձրացավ աշխարհի ամենատարածված թեգերի շարքը: Այս գրառումներն իրականում ավելի մեծ քանակ հավաքեցին, քան դրանից առաջ ժամերի ընթացքում ողջ հայկական թեման, ու սա շշմելու մի բան էր ուղղակի։ 10 րոպեում հավաքվեց 2000 գրառումից ավել ու աճում էր ու աճում։ Մինչ ընկավ թուրքական ժխտողական հոսքի ազդեցության տակ։


Կեսգիշերից հետո սկսվեց այն, ինչ կանխատեսվում էր. սկսվեց հարձակում www.armeniangenocide100.org կայքի վրա, ինչի արդյունքում այն որոշ ժամանակ չաշխատեց, սակայն մոտ կես ժամից աշխատանքը վերականգնվեց արդեն։

Նույն ընթացքում սկսվեց գրառումների ահռելի հոսք թե թրքական #1915HistoryDecide, թե հայերից ներողություն խնդրող թրքական թեգից։ Հատկանշական է, որ ժխտողական հիմնական հեշթեգը քանակով ավելի շատ էր, քան ներողություն խնդրողներինը, բայց միևնույն է Թվիթերյան Trend-երի մեջ չէր հայտնվում։ Կասկածում եմ, որ հավաքագրվում ու ստեղծվում էր ավտոմատացված համակարգերի օգնությամբ, ինչը Թվիթերը հեշտության բացահայտում էր։ Ամեն դեպքում նույն ժխտողական հոսքը հարամեց նաև ներողության ակցիան, որը իրոք զանգվածային էր ու, անձամբ ինձ համար շատ անսպասելի իր ծավալներով։

Այսպիսով քանակը այս թեգերի օգտագործման հեևյալն էր.


Ժամի ընթացքում 7-8 հազար գրառումից հետո 12-ից հենց հետո գրառումների քանակը աճեց 34 հազարի, ընդ որում #1915HistoryDecide-ը ուներ մոտ 17 հազար գրառում, ներողության #ErmenilerdenÖzürDiliyorum-ը երկորդ տեղում, որի մեծ մասը արդեն ժխտողներն էին, ինչից հետո այն դուրս ընկավ համաշխարհային թրենդերից։ Այնուհետև Գալիպոլին ու վերջում մինչև #Armenia ու #ArmGenocide100 թեգերը։



Մինչև առավոտ հոսքը նվազում էր, արևելյան կիսագունդը քնեց։

Առավոտյան Ծիծեռնակաբերդի արարողության ընթացքում կրկին սկսեց հոսքը աճել.

Գրաֆիկի վրա երևում է ժամը 11-ից սկսած ընդհանուր գրառումները հոսքի աճը։ 12-ից միացան Գալիպոլիի մասնակիցները, ու հոսքը ավելի աճեց՝ իր կիսակետին հասնելով ժամը 16-ին։



Մի քանի հետաքրքիր գրառում Սամվել Մարտիրոսյանից, ով գրում է այն մասին, որ «Հայերի ցեղասպանություն» հեշթեգը Ռուսաստանում, Ֆրանսիայում ու նաև Թուրքիայում Trending թեմաներից է։


Ու հենց Թուրքիայի մասին եմ ուզում խոսել։ Ինձ համար կարևորագույն եզրակացությունն այս ողջ վիճակագրության հետևյալն են.

1. Մենք մեր ողջ ներուժով, սփյուռքով, միջազգային լրատվականների զանգվածով ու նույնիսկ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահների հետ միասին ունեցել ենք ավելի քիչ գրառում, ավելի քիչ զանգված է ներգրավվել, քան Թուրքիայի ու Ադրբեջանի գրողները՝ ներողություն խնդրողներով, ում քանակն ինձ համար անսպասելի մեծ էր՝ իրենց ժխտող անհատներով ու պետական ժխտողական ծրագիրն առաջ քաշողներով։ Ինձ համար հասկանալի է դառնում՝ ինչ է նշանակում այդ 75 մլն բնակչություն ունեցող Թուրքիան՝ հսկա մարդկային զանգված, ովքեր ունակ են աշխարհում թրենդեր փոխել, հարձակվել ու իրար դեմ պայքարել նույնիսկ։ Ու այս զանգվածը պետք է հասկանալ, իր վրա ազդելու մեխանիզմները պետք է հասկանալ, քանի որ հարևանությամբ գտնվելով շատ ու շատ բաներ իրենց մոտ մեզ մնում է անհայտ։

2. Առաջին եզրակացությունից ելնելով՝ գալիս եմ երկրորդին. պատերազմի դեպքում մենք դեռևս շատ ու շատ անպաշտպան ենք, ու նման հսկա տեղեկատվական հարձակման դեպքում մեզ վրա այսօր ունակ չենք պաշտպանվել։ Իսկ տեղեկատվական դաշտում հաղթանակը ռազմական դաշտում հաղթանակի գրավականներից մեկն է։ Ուստի տեղեկատվական դաշտի վրա ազդել պետք է սովորել որքան շուտ, այդքան լավ։

Ահա այս նկարի վրա ամեն ինչն ավելի առարկայական կերևա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել