Այսօր ողջ հայությունը, բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում, և բոլոր նրանք, ովքեր հայերի կողքին են, միասնական են: Բոլորս մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:

Այսօր...
Մեկ դար անց մի շարք երկրներ ճանաչեցին Ցեղասպանության փաստը, ու վերջ...
Թուրքիան, ի հեճուկս մեր համընդհանուր ջանքերի, այսօր Գալիպոլիի քեֆն է կազմակերպել: Մեկ դար անց Թուրքիան չփոխեց իր դեմքը, չառերեսվեց պատմության հետ, չլսեց առաջադեմ մարդկության կոչը:
Ինչքան էլ որ զգամ այսօր մեզ աջակցողների անկեղծությունը, միևնույն է՝ պայքարի իրական արդյունքն անտեսանելի մնաց: Ինչքան էլ ճոխ ու բազմամարդ լինեն միջոցառումները, Թուրքիան մնաց անդրդվելի: 
Վաղը մեզ նոր սենսացիաներ են սպասվում, աշխարհն առաջ է գնում, ու բացի իրական նվիրյալ մի քանի անհատից՝ այսօրվա պաթոսի կրողները կմոռանան ապրիլի 24-ի մասին և կհիշեն միայն մյուս տարի, որպեսզի նույն խանդավառությամբ ու պաթոսով աչքի ընկնեն 101-ամյա տարելիցին ու կրկին հորդորներ և հայհոյանքներ ուղղեն առ Թուրքիա:
Իսկ Թուրքիան, որը սեփական խայտառակությունները պարտակելու մեծ վարպետ է, կշարունակի խուլ ձևանալ, կշարունակի զարգանալ, հզորանալ, անգամ նոր ցեղասպանություններ հեղինակել, աշխարհի մեծերի հետ, հավասարի կարգավիճակում սեղան նստել, տարեկան հարյուր հազարավոր հայ տուրիստներ և առևտրականներ հյուրընկալել ու Գալիպոլիներում տժժալ: 
Շարունակենք հիշել ու պահանջել, այլ գործիքներ, թերևս, մեզ համար ոչ ոք չի ստեղծել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել