1915թ.-ին փորձ արվեց ջնջել հայի անունը պատմության էջերից:

Սակայն փորձ անողներն անտեղյակ էին պատմական փաստերին:

Հայը երբեք չի կոտրվել, երբեք չի նահանջել և ավելին` անգամ սարսափելի արհավիրքի ժամանակ համախմբվել է և շարունակել պահել իր տեսակը` Հայի տեսակը: Ազգ, որն ընդունելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն, պատմության ողջ ընթացքում երբեք չշեղվեց իր ընտրած հոգևոր ուղուց:

Մենք միշտ գիտակցել ենք, որ տարածաշրջանում ունենալով ոչ քրիստոնյա հարևաններ` հանդիպելու ենք բազում դժվարությունների, և դրանք եղան անխուսափելի, սակայն անխուսափելի էր նաև մեր համախմբվածությունն ու ամեն փորձությունից հետո ավելի կուռ դառնալու մեր բացառիկությունը:

1915թ.-ին Օսմանյան կառավարությունը ծրագրավորեց և իրականացրեց իրենց պատմական հայրենիքում ապրող ու արարող հայի բնաջնջումն ու տեղահանումը, որը հետագայում անվանվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Անցնելով տաժանակիր փորձությունների միջով՝ հայը դիմագրավեց և դիմակայեց թշնամուն:

Անցել է 100 տարի, բայց հայը կա, հայը բարգավաճում է, լինի սփյուռքում, թե Մայր Հայաստանում, հայը շարունակում է կրողը լինել իր բացառիկ գենի:

Հայը շարունակում է սերունդ տալ, շարունակում է իր ազգի և պապենական ավանդույթների Սուրբ կրողը հանդիսանալ:

Հայը չկորցրեց իր տեսակը, չկորցրեց իր անցյալը, իր հիշողությունն ու ամենակարևորը՝ իր արդարացի պահանջատիրությունը:

Անցնի թեկուզ 100 կամ 1000 տարի` մենք հիշում ենք և պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել