Հերթական լինի, թե հոբելյանական... Ապրիլ 24-ի տոնամերձ սգակիր օրը կանցնի, ու անխուսափելիորեն վրա կհասնի մենքումենք-ի առավոտը, ու էլի աշխարհի ու Կյանքի առաջ կմնանք վճռական մենակության մեջ:
Մենք այդպես էլ չհամախմբվեցինք մեր նորօրյա փառահեղ հաղթանակի շուրջ ու զլացանք ամեն տարի մայիսի 8-ին (թող լինի 9-ին, հա՛) նույնամասշտաբ մարդկային հոսանքով պաշարել գիտակցված ու ճշմարիտ հերոսների պանթեոնը` մեր Եռաբլուրը: Մենք ազգային աղոթատեղի շինեցինք Սովետների քաղաքական նպատակային կառույցներից մեկը` Ծիծեռնակաբերդը՝ Եռաբլուրը հանձնելով սոսկ անմահ հերոսների որբացած ծնողների ու զավակների, լավագույն դեպքում մերձավոր-զինակիցների հոգածու աչքին:
Այլ խոսքով, մենք կամովին որդեգրեցինք մեր հիրավի անչափելի ազգային սուգը, իսկ Հաղթանակը թողինք որբ ու անտեր:
Հրճվում ենք, երբ առաջադեմ աշխարհի հերթական պառլամենտը ճանաչում է Ցեղասպանությունը... Մերսի ախպերներ, որ նախ մորթեցիք (համենայնդեպս, թույլ տվիք), հիմա պաշտոնապես ձևակերպում եք ոճիրը: Մի տեսակ շատ եք հումանիստ ու արդարանիստ, միայն թե ամբողջ մի դար ուշացել եք փակել ձեր իսկ պարտքն ու ոչ երբեք մեր ուղղությամբ Շնորհ-ի ժեստը:
Ասում եք՝ Ցեղասպանության ճանաչումը կանխարգելի՞չ է...
Նույն Սովետը պաշտոնապես հիմնադրեց Ցեղասպանության տուն-թանգարանը, և դեպի սրբազան Ծիծեռնակաբերդ թափորաերթի ավանդույթն էլ իր օրոք սկիզբ առավ, բայց նույն համակարգն էլ Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանական ջարդերը հրահրեց ու կոծկեց:
Պատմությունը խոսում խոսում է, լսող կարծես թե չկա...
Վայ, թաղե՛մ Գորբաչովին սիրտ թեթևացնող խոսքն էլ` պատմական հաշիվ չփակող:
Մենք չենք կարող շարունակ կախված մնալ աշխարհակալ ռեժիմների առանձին վերցրած անհատների քիմքից:
Մենք պետք է կառուցենք և ապա պաշտպանել կարողանանք սեփական` հայկական անխախտ սիստեմը` հիմնված միմիայն մեր կենսական ու ռազմական հաղթանակների ու ոչ երբեք դրսերի խախուտ ու խստորեն մոտիվացված Սրտակցության վրա:
Փույթ չէ (թեև լավ էլ հենց փույթ է), որ ամբողջ Քսան տարի ուշացել-թերացել ենք... Ուրեմն, դադարենք հրճվել ու հատկապես խոնարհվել Ցեղասպանությունը մեծահոգաբար ճանաչած պառլամենտները ներկայացնող երկրների առաջ և ունեցած-չունեցած ազգային համախումբ Ջանքն ուղղենք աշխարհի առաջ մեր Ողնաշարը ձիգ պահող Արցախյան փառավոր Հաղթանակը պաշտոնապես ճանաչել տալուն...
Ժամանակն է հենց մեր ներսում ճանաչել մեր համազգային մարտավարության ստերջությունն ու ազգային համախմբման կուրսորը Ողբերգականից շեղել դեպի Հաղթականը:



