Mail.ru Group-ը զգուշանում է, որ նշանավոր «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը կարող են փակվել: Ալիշեր Ուսմանովի կազմակերպությունը զգուշացրել է իր ներդրողներին, որ սոցիալական կայքերը փակման վտանգի առաջ են հայտնվել սև ցուցակների մասին իշխանության կողմից ընդունած օրենքի պատճառով:

«Սև ցուցակների մասին օրենքի սխալ կիրառությունը կարող է հանգեցնել Mail.ru Group-ի մեկ կամ մի քանի ռեսուրսների արգելափակմանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության եկամուտների եւ շահութաբերության վրա»,- Mail.ru Group-ի հայտարարությունը մեջբերում է «Իզվեստիան»:

Սեպտեմբերի սկզբին Mail.ru Group-ը հրապարակել է կես տարվա հաշվետվությունը: Բոլոր ցուցանիշներով ընկերությունը լավ աճ է գրանցել: 2012 թ.-ի հունվարից մինչև հունիս խմբի միասնական եկամուտը ավելացել է 9,7 մլն. ռուբլով, ինչը 49 տոկոսով ավելին է 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես գրում է Top News-ը, «Սև ցուցակների» մասին ռուսական նոր օրինագիծը հանրային մեծ արձագանք է առաջացրել: Նրա կիրառության դեմ հանդես են եկել մի շարք ինտերնետ ընկերություններ, քանի որ, նրանց կարծիքով, տվյալ օրենքը իշխանություններին թույլ է տալիս փակել ցանկացած ցանցային ռեսուրս` մանկապղծության դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել այն կայքերի, էջերի և տեղեկատվությամբ ցանցային հասցեների «սև ցուցակը», որոնք վտանգ են ներկայացնում երեխաների համար: Առաջին հերթին խոսքը վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային, ինքնասպանություն և թմրանյութ պատրաստելու հրահանգներին: Այս դեպքում հնարավոր է կայքերի մինչդատական արգելափակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել