Եղեռն.... Կոտորած.... Ցեղասպանություն... Բառեր, որ մշտապես մեր ներսում են և հարյուրամյա ցավն են արտահայտում: Շատ հաճախ, ելնելով կուտակված վրեժից կամ ցանկանալով տեղյակ պահել ապագա սերունդներին մեր պատմության մասին, մենք ոգեշնչված պատմում ենք մեր երեխաներին ցեղասպանության մասին: Ամեն տարի ապրիլի 24-ին մեր երեխաների ձեռքը բռնած գնում ենք «Ծիծեռնակաբերդ»՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, սակայն չենք գիտակցում, արդյո՞ք այդ տարիքում երեխան ընդունակ է ճիշտ ընկալել և հասկանալ, թե ուր է գնում:
Ելնելով թեմայի ակտուալությունից, համոզված եմ, որ շատերի ընտանիքներում է կանգնել հետևյալ հարցը՝ իսկ պե՞տք է խոսել երեխայի հետ ցեղասպանության մասին։ Եվ եթե խոսել, ապա ի՞նչ պատմել։ Սա խնդիր է, որը բարդ ընկալելի է նույնիսկ մեր՝ մեծահասակների համար: Մենք ասում ենք «Մեկ ու կես միլիոն հայեր», կարծես ցանկանալով խոցել թվի մեծությունը: Անընդունակությունը ամբողջությամբ զգալ ու հասկանալ կատարվածը, մեզ չի ազատում այդ պատմության սարսափելի էջը տեղեկացնելու պարտավորվածությունից:
Իրականում կարող ենք տարբերակել այս հարցին մեծահասակների 3 մոտեցում՝
1. Մարդիկ, ովքեր համարում են, որ պետք է մոռանալ, և սկսել ապրել նորովի՝ առանց զոհի
հոգեբանության (խուսափում)։
2. Մարդիկ, ովքեր վրեժխնդրության և փոխհատուցման մոտեցումներ ունեն (ագրեսիա)։
3. Մարդիկ, ովքեր հենց զոհերին են մեղադրում զոհաբերության համար (ինքնաքննադատություն)։
Ասել, թե այս կողմնորոշումներից որ մեկն է ճիշտ՝ ոչ ոք չի կարող: Եկեք քննարկենք դրանք հավասար պայմաններում, պատկերացնելով, թե ինչ ազդեցություն կունենան դրանք երեխայի հոգեկան առողջության վրա:Ինչպես ցանկացած երևույթի մասին խոսելիս, պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները: «Ցեղասպանությունը» նույնպես այն խոցելի ու կարևոր հարցերից է, որ ծնողներին անհանգստացնում է՝ ինչպես մատուցել երեխային, որպեսզի չվնասեն նրա նուրբ ներաշխարհն ու իրազեկ դարձնեն կարևոր պատմական իրադարձությանը:
1. Այս մարդիկ սովորաբար իրենց երեխաներին չեն էլ տեղեկացնում եղեռնի մասին՝ խուսափելով խոսել նրանց հետ այդ թեմաներից, կարծես թե նման բան չի էլ եղել: Այս դեպքում երեխան իր ազգային պատմության այս հատվածի հետ կունենա օտարացում:
2. Այս մարդիկ փորձում են երեխայի մեջ ի սկզբանե սերմանել ատելություն և վերժխնդրություն և երեխան, կախված իր հոգեբանական առանձնահատկություններից, կմեծանա կամ վրեժխնդրության ոգով կամ զոհի հոգեվիճակով:
3.Այս մարդիկ իրենց երեխաների մեջ կսերմանեն որոշակի թշնամանք և անհանդուրժողականություն սեփական ազգի նկատմամբ: Սա կբերի ազային ինքնագիտակցության հետ կապված հարցերի, որն էլ կանդրադառնա նրա կայացման վրա:
Այս երեք դեպքերում էլ երեխայի մոտ կառաջանան դժվարություններ այն շրջանում, երբ նա կսկսի ձևավորել սեփական ազգի պատմության այդ շրջանի նկատմամբ իր վերաբերմունքը:
Բոլոր դեպքերում ուղղակի պետք է իմանալ, որ երեխաների՝ մահվան և նրա անդառնալիության մասին պատկերացումները ձևավորվում են 5-7 տարեկան հասակում: Նրանք այդ տարիքում հազվադեպ են խոսում մահվանից: Վաղ հասակում դեռ բացակայում է գիտակցումը ֆիզիկական գոհության ավարտի մասին, առավել ուշ ձևավորվում է կյանքի անխուսափելի ավարտի մասին պատկերացումը: Այդ շրջանում տեղին չէ օգտագործել «Ցեղասպանություն» բառը, երեխային լավ կլինի ներկայացնել որպես պատերազմ, այդ տարիքում նա արդեն որոշ չափով ֆիլմերից, գրքերից տեղեկացված կլինի պատերազմի մասին: Երեխայի մեջ սերմանել հայրենասիրություն, հարգանք սեփական երկրի պատմության, դրոշի նկատմամբ: Կարիք չկա մանրամասն բացատրելու, թե ինչպես են սպանել երեխաներին, կանանց, ծերերին, ինչպես են գերի վերցրել առողջ տղամարդկանց և տանջամահ արել, նկարներ և ֆիլմեր ցույց տալ: Ցանկացած երեխա էլ գործ ունի մահվան հետ` միջատներ, ծաղիկներ, ընտանի կենդանիներ: Սակայն մահվան նման դեպքերը հասցնում են տագնապի կամ շփոթվածության: Հիմնականում ավելի վախեցնող է այլ երեխայի մահվան մասին լսելը ուրիշ երեխայի համար, քանի որ նա միշտ ունեցել է այն մխիթարիչ համոզմունքը, որ մահանում են միայն ծեր մարդիկ:
Առավել մանրամասն նպատակահարմար է այս թեմայով խոսել10 տարեկան հասակում: «Ցեղասպանություն», «Ահաբեկչություն» հասկացությունները դեռահասության շրջանում են առավել ճիշտ հասկացվում: Այս տարիքում նույնպես շատ խոցելի են և պետք է ընտրել բառերը և զգույշ պատմել՝ դեռահասի մոտ ագրեսիվության և վրեժխնդրությունից խուսփելու համար: Չէ՞ որ նրանք են ապագա սերունդը և լավ կլինի ադեկվատ գնահատական ունենան հետագայում ճիշտ որոշումներ կայացնելու համար:
«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնի հոգեբան՝ Տաթև Նահապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել