Ցանկանում եմ մի խնդրի անդրադառնալ, որի հետ առնչություն ունեցել են մայրաքաղաքի բնակիչներից շատերը։ Խոսքը «Յունիգրաֆ-իքս» ընկերության գործունեության մասին է, որը քաղաքապետարանից հատկացվող միջոցների հաշվին պետք է զբաղվի թափառաշրջիկ կենդանիների ստերջացմամբ ու կացարաններում տեղավորմամբ, սակայն վերջին տարիներին տարօրինակ պատկեր է ստեղծվել՝ դատելով ընկերության հաշվետվություններից ու առկա իրականությունից։
Եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում. ամեն տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարում է տենդեր, որին ամեն տարի միայն մի ընկերություն է մասնակցում՝ տխրահռչակ «Յունիգրաֆ-իքսը»։ Եվ ամեն տարի քաղաքապետարանը բյուջետային միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում այս ընկերությանը (2012-ին՝ 200 միլիոն, 2013-ին՝ 220 միլիոն և այլն), որպեսզի այդ միջոցներով ընկերությունը ստերջացնի, օթևան տրամադրի կամ էլ ըստ անհրաժեշտության ոչնչացնի թափառաշրջիկ շներին։ Ու ամեն տարի ընկերությունը հաշվետվություն է ներկայացնում, որ ստերջացրել է հազարավոր շների ու «վնասազերծել» տասնյակ հազարավորների։
Դե իսկ ընկերության անվան հիշատակումները, որպես կանոն, լինում են նրա հետևանքով, որ իրենք գնում են բակերն ու ամենադաժան ձևով սատկացնում են այդ բակերի՝ ժողովրդի կողմից խնամվող ու վարժեցված շներին՝ թափառաշրջիկ շների ոչնչացման դրոշի տակ։
Ընդ որում, հիշեցնում եմ, մարդիկ բյուջեից ամեն տարի մոտ կես միլիոն դոլար փող են ստանում, որպեսզի ստերջացնեն, օթևան տրամադրեն կամ էլ քաղաքակիրթ եղանակով քնեցնեն շներին, բայց համացանցում առկա բազմաթիվ տեսանյութներից պարզ է դառնում, որ նրանք, այդ միջոցները գրպանելով, ամենադաժան ու պրիմիտիվ եղանակներով են սատկացնում շներին՝ մահակներով ու երկաթյա ձողերով հարվածներ հասցնելով խեղճ կենդանիներին։
Հիմա խնդրի նկարագրից անցնենք խնդրո բուն էությանը, ու որքան էլ տարօրինակ հնչի, «Յունիգրաֆ» ընկերությունն, ըստ իս, երկրորդական մեղավորություն է կրում, որը կայանում է նրանում, որ նա ոչ նպատակային է ծախսում իրեն հատկացվող պետական միջոցները, գործում է դաժան ու բիրտ մեթոդներով, ինչպես նաև ըստ էության չի լուծում կամ էլ արդյունավետ կերպով չի լուծում այն խնդիրը, որն իր առջև դրված է։
Իմ կարծիքով՝ մեղադրանքների ու պահանջների գլխավոր հասցեատերը պետք է լինի մեր ցոփ ու շվայտ կյանքի և ապաշքյարա փողերը քամուն տվող Երևանի քաղաքապետարանը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ, օրինակ, նույն Տարոն Մարգարյանը չի վերահսկում այս հարցը, երբ քաղաքապետարանին վերաբերվող ու հնարային հնչեղություն ունեցող հարցերից մեկը հենց սա է։ Ես կարող եմ մենակ երկու բացատրություն տալ. քաղաքապետը կամ լավ չի կատարում իր ծառայողական պարտականությունները՝ թույլ տալով, որպեսզի միլիոնավոր դոլարներ փոշիացվեն, կամ էլ քողարկում/անմիջականորեն մասնակցում է բյուջետային փողերն ատկատ անելու սխեմային։
Հարգելի Երևանի քաղաքապետարան, դուք ձեզ լրիվ կորցրել եք։ Անկեղծ։ Դուք այնքան եք ցինիկացել անպատժելիությունից, որ մի օր մարդիկ իմանում են, որ հարյուր հազար դոլարի կոնյակ եք գնում տարեկան ու 100.000 դրամ արժողությամբ կոնյակի բաժակներով։ Մեկ ուրիշ օր էլ մարդիկ իմանում են, որ դուք շուրջ կես միլիոն դոլար եք հատկացնում ամեն տարի մի կասկածելի ընկերության, որը, չգիտես ինչու, մրցակիցներ չի ունենում ու, չգիտես ինչու, ավելի շատ խնամվող շների դեմ է պայքարում՝ քարե դարի եղանակներով, քան թափառաշրջիկ ու անտեր շների դեմ։
Ու այս ամենը հիմք է տալիս հերթական անգամ մեղադրելու քաղաքապետարանին տոտալ անպատասխանատվության մեջ՝ լավագույն դեպքում, հիմնովին կոռումպացվածության մեջ՝ վատագույն դեպքում։ Ի դեպ, հետաքրքիր կլինի պարզել, թե ում է պատկանում «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը, և ինչ առնչություն ունի սեփականատերը քաղաքապետարանի հետ։