Ես բոյկոտում եմ! Բոյկոտում եմ կեղտոտ քաղաքականությունը, բոյկոտում եմ միմյանց վրա ցեխ շպրտելը, բոյկոտում եմ իրար ոտքի տակ փորելը, բոյկոտում եմ իրար պիտակավորելը: Հերիք է, հերիք է մարդկանց դարձնեք թնդանոթի միս: Երկու կողմերին եմ ասում՝ և´ իշխանության, և´ ընդդիմության ներկայացուցիչներին: Բավական է մեզ զբաղեցնեք տարատեսակ լատեքսային արտադրանքների գործունեության քննարկումներով, մանավանդ եթե հստակ գիտեք, որ դա ոչինչ չի փոխելու: Ինչո՞ւ եք լծվել մարդկանց հիմարեցնելու «սրբազան» գործին: Պարոնայք ընդդիմադիրներ, կարծում եք ինչ-որ մեկին «իզդելիե նոմեր դվա» անվանելով հա՞րց լուծեցիք, պարոնայք իշխանավոր-իշխանատենչներ, կարծում եք ընդդիմադիրներին մուտիլովկա անելու, անհարկի փաստարկներ բերելու մեջ մեղադրեցիք ու այն ամոթից գետնի տա՞կ է անցնելու: Ո´չ, ցավոք սրտի ո´չ: Դուք, ամեն մեկդ, ձեր նիշայում հարմար տեղավորված, շախմատ, տո չէ, ի՞նչ եմ ասում, լավագույն դեպքում նարդի կամ բլոտ եք խաղում, որտեղ կոնի վրա մենք ենք: Բավական է, հոգնեցրիք: Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում են, բայց առայժմ ոչ մի իրատեսական քայլ չեն անում, որ աչքներս տեսնի: Մյուս կողմից՝ իշխանությունը, բացի ինքնապաշտպանական ճիգերից, ուրիշ ոչինչ չի ձեռնարկում: Կհարցնեք՝ լավ, բա ի՞նչ անենք, ոչինչ դուր չի գալիս: Պատասխան չունեմ, քանի որ քաղաքականությունը ձեր գործն է, պարոնայք: Երեխան չպիտի ծնողին խորհուրդ տա, թե նա որտեղ և ինչպես աշխատի ընտանիքը պահելու գումար վաստակելու համար, նա կարող է միայն իր պահանջները ներկայացնել, եթե ծնողը խուլ ու կույր է ձևանում: Ես ընդամենը քաղաքացի եմ, ով իր երկիրը լքել չի կարող և ՉԻ ուզում: Բայց ես նաև մարդ եմ և ուզում եմ եթե ոչ ձեր «կայֆերով», ապա գոնե մարդավայել ապրել: Որ վաղը չմտածեմ, թե դեղի փող որտեղի՞ց հայթայթեմ, տարիքն առած ծնողներիս բուժելու համար ո՞նց փող ճարեմ կամ ինչպե՞ս վճարեմ կոմունալ վարձերը: Հոգնեցի ձեր դատարկ, անիմաստ հակամարտության մեջ բռնցքամարտի տանձիկ լինելու դերից: Բավական է!!!
Իհարկե, հեծանիվ չհնարեցի, բայց հիշելով մկան ու ջրաղացի մասին ասույթը՝ որոշեցի ես էլ իմն ասեմ: Բոլորիդ սիրում եմ, իմն եք, լավ թե վատ, բայց իմն եք: Ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի ինձ համար ձեզնից լավը չի: Ուղղակի ցավում եմ, որ ԴՈՒՔ ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԱԽՐ ԵՍ ԷԼ ՁԵՐՆ ԵՄ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/472841402739142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել