Նրանք յուրաքանչյուր օջախի սյունն են, իմաստուն մտքերի շտեմարանը, իսկ թոռների համար ամենալավ ընկերները...
Վարպետ Ջիվան Գասպարյանն իր թոռանը ժառանգել է թե՛ երաժշտական հակումները և թե՛ անուն-ազգանունը: Ինչպես ասել է Ջիվան կրտսերը, ժամանակին աշխարհահռչակ երաժիշտը, սրտնեղելով, որ արու զավակ չունենալու պատճառով իր ազգանունը շարունակող չունի, դիմել է դստերն ու փեսային` լուսահոգի Գագիկ Ղարիբյանին... Եվ ծնողները դեմ չեն եղել, որպեսզի իրենց որդին` Ջիվանը, Գասպարյան դառնա և պապիկի, այսպես ասած, որդին համարվի: Թերևս գեներից զատ, անվանի պապն էլ է անուղղակիորեն նպաստել նրան, որ ԱՄՆ-ում դեղագործի մասնագիտություն ընտրած թոռը մի օր վերանայի իր կյանքի «պլաններն» ու երաժշտական ուղին բռնի: Դուդուկի մասին լսել անգամ չցանկացող պատանին, ոգևորվելով «Գլադիատոր» ֆիմում հնչող պապու նվագից, սկսեց հետաքրքրվել ծիրանափողով: Պապն էլ, ձայնագրությունների պատրվակով գտնվելով ԱՄՆ-ում, մեկ շաբաթում 15-ամյա Ջիվանին սովորեցրեց «Դլե յաման» նվագել: Հետո վարպետը հաճախ նույնիսկ հեռախոսով էր պարապում թոռան հետ: Տեսնելով վերջինիս շնորհն ու ունակությունները՝ ավագ Ջիվանը սկսեց կրտսերին իր հետ համերգների տանել, որտեղ նրանք հաճախ միասին էին նվագում, վերջին տարիներին էլ վարպետը երբեմն իր տեղն է զիջում թոռանը: «Իմաստուն պապուցս կյանքին վերաբերող խորհուրդների պակաս էլ չեմ զգում»,- ասում է երիտասարդ երաժիշտը: Թոռան` Հայաստան վերադառնալու ակնկալիքով պապը մի քանի տարի առաջ նրա համար Երևանում տուն և ամառանոց կառուցեց՝ հույս փայփայելով, որ մի գեղեցիկ օր նա ընտանիք է կազմելու: 2013-ին էլ ավագ Ջիվանը օրհնեց 31-ամյա թոռան ամուսնությունը: «Պապս միանգամից է հավանել Նվարդին»,- ասել է կրտսերը՝ նկատի ունենալով ապագա նկարիչ-դիզայներ կնոջը: Այժմ էլ վարպետ Ջիվանը սպասում է Գասպարյանների շառավղի շարունակողին...
Շատերը էկրաններին տեսնելով Խորեն Լևոնյանին՝ ակամայից նմանեցնում են նրան անվանի պապին` դերասան Խորեն Աբրահամյանին: «Խորիկը բնավորությամբ էլ է նման մեր պապիկին,- վկայում է կրտսեր թոռը` Արսեն Լևոնյանը:- Պահեր են լինում, երբ եղբորս ասում եմ` դու այնպես վարվեցիր, ինչպես Խորեն պապը կվարվեր»: Ավագ Խորենն անվանակից թոռան դերասանական ձիրքը նկատել էր դեռ նրա պատանի հասակում՝ որպես խաղընկեր հրավիրելով իր ներկայացում: Մինչդեռ կրտսեր Խորենի ճանաչումը «Ոչինչ չի մնա» ֆիլմի շնորհիվ վրա հասավ, երբ պապն արդեն իր կողքին չէր: Ոչ ոք չի կարող ասել, որ եղբայրս, ով արդեն բավական ժամանակ ֆիլմեր էր կրկնօրինակում, կամ թե ես մեր պապի շնորհիվ ենք ճանաչված դարձել»,- վստահ է Արսենը: «Պապս ինձ ընդամենը մեկ անգամ է մասնագիտական խորհուրդ տվել` դերասանը պետք է հստակ գիտակցի, թե ձեռքերն ինչպես շարժի և առհասարակ ինչ անի»,- հիշում է Խորենը: Թոռների հիշողություններում անվանի պապը տպավորվել է որպես չափազանց իմաստուն մարդ ու անառարկելի հեղինակություն: «Կարող է մի բան ասեր, բայց դրա տակ մեկ այլ բան հասկացներ, նրա խոսքերը միշտ ենթատեքստ ունեին,- ասում է Խորենը:- Պապս երբեք իր ձայնը չէր բարձրացնում: Մի անգամ, երբ ես ու Արսենը չարություն էինք արել, նա մեզ իր մոտ կանչեց: Պարզ է, որ վախեցել էինք: Երբ մոտեցա, ասաց` ավելի մոտ: Երկար ու խիստ հայացքով նայելով աչքերիս մեջ՝ նա անսպասելիորեն ասաց. «...Գնա կարտերը բեր, բլոտ խաղանք»: Այդ իրավիճակն արդեն բավական էր մեր սխալները հասկանալու համար»: Ըստ թոռների` Խորեն Աբրահամյանը ջահելների հետ ջահելություն էր անում, իսկ իր երեխաների համար պարզապես ընկեր էր, թեև թոռներին բալիկ կամ պուճուր էր ասում: Հաճախ էլ նրանցից, ովքեր լրջորեն ֆուտբոլ էին պարապում, խաղերից էր հետաքրքրվում: «Երևի ֆուտբոլի հանդեպ սերը մեր պապից է փոխանցվել,- ասում է Արսենը՝ մի դեպք հիշելով,- դեռ փոքր էի, պապս զանգահարեց ու հարցրեց, թե երբ է Հայաստանի հավաքականը խաղալու: Ասացի` չգիտեմ, նա էլ զարմացավ` բա ֆուտբոլիստ տղա ես, ո՞նց չգիտես»...
«Սահակյանց ազգանունը կրելը բարդ է և պարտավորեցնող,- խոստովանում է ապագա ռեժիսոր Գոռ Սահակյանցը, ով ժամանակին ճանաչում ձեռք բերեց «Տիգրանի մոլորակը» սերիալի շնորհիվ:- Երբ կարդում կամ լսում էին ազգանունս, միանգամից հարցնում էին` Ռոբերտ Սահակյանցի հետ կապ ունե՞ս: Ու լսելով դրական պատասխանս, միանգամից ջերմ վերաբերմունք էին ցուցաբերում: Հասկանում էի, որ դրա համար անվանի մուլտիպլիկատոր պապիկիս եմ պարտական: Այնպես որ Սահակյանց ազգանունն անտեսելը պարզապես անհնար է»: Թերևս անհնար էր, որպեսզի այս ազգանունը կրողը, թեև Թատերականի հեռուստառեժիսուրայի բաժնի ուսանող լինելով, նկարչությամբ չզբաղվեր: «Մեր ընտանիքում նկարելն ինքնաբերաբար է ստացվում»,- ժպտում է Գոռը՝ չժխտելով, որ ապագայում հնարավոր է մուլտարտադրությամբ զբաղվի, ինչպես իր հայրն ու պապը: Ի դեպ, ինչ-ինչ գործեր այս ոլորտում նա արդեն արել է` մոտ 5 տարի առաջ գործի է անցել «Robert Sahakyants Production»-ում: «Սկսվեց նրանից, որ ինձ թույլատրեցին ներկել անգույն մուլտկադրերը, հետո ավելի բարդ գործեր վստահեցին ինձ»,- ասել է Գոռը: Վերջին մուլտֆիլմը, որի վրա աշխատել է, «Անահիտն» էր, որն օրերս էկրան բարձրացավ: Գոռի մանկության ամենավառ հիշողություններից է, թե ինչպես էր մութ ու ցուրտ տարիներին պառկում պապիկի տաք փորին ու քնում: «Հաճախ էլ միասին ֆուտբոլ էինք խաղում,- ասում է Գոռը՝ հիշելով մի դեպք,- մի անգամ, երբ պապիկս արդեն վատառողջ էր, գերդաստանով Սևան էինք գնացել: Երիտասարդներով ֆուտբոլ էինք խաղում, մեկ էլ թփերի միջից հայտնվեց պապս ու ասաց. «Ինձ էլ փոխանցեք գնդակը»: Թեև բժիշկները նրան արգելել էին վազել կամ ակտիվ շարժումներ անել, այնուամենայնիվ, մեզ հետ հավասար սկսեց խաղալ: Չէիր ասի, թե նա 60-ին մոտ է: Փաստորեն, դա մեր վերջին խաղը դարձավ»...Թ. Մ.