Մեծ Բրիտանիան հերթական անգամ ի ցույց դրեց իր ցինիզմն ու երկերեսանիությունը։ Միացյալ Թագավորության վարչապետ Դեվիդ Քեմերոնը հրաժարվել է ընդունել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը։ Այս մասին հայտարարել է ՄԲ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում՝ իհարկե դա հնարավորինս դիվանագիտական ձևակերպումներով մատուցելով։ Ըստ դեսպանի՝ «նա հասկանում է այն հսկայական կարևորությունը, որը տեսնում են ամբողջ աշխարհի հայերը դրանում, ու ցավում է, որ չի կարող ներկա գտնվել»։
Միանգամից «ակնհայտ է» դառնում, թե ինչքան լավ է հասկանում Քեմերոնն այդ կարևորությունը մեր համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենայն հավանականությամբ Քեմերոնն ապրիլի 24-ին ներկա է գտնվելու Թուրքիայում անցկացվող Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, իսկ ինչպես դեսպանն է հաղորդել, Բրիտանիան Հայաստանում ներկայացնելու են այդ օրը Անգլիայի Եկեղեցու ներկայացուցիչները։ Ուղղակի սքանչելի է, ինչպիսի՜ մեծ պատիվ, ինչպիսի բարեկամական դրսևորում։
Իզուր չեն ասում, որ անգլիացիները Եվրոպայի ամենամեծ սրիկաներն են ու այսօր, կրելով իրենց բաժին պատասխանատվությունը Ցեղասպանության համար, որի գնահատականը մենք դեռ պետք է հստակ սահմանենք ու տանք, այս պետությունը դիվանագիտական ապտակ է հասցնում մեզ՝ ոչ միայն չմասնակցելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այլև այդ նույն օրը ներկա գտնվելով այդ նույն Ցեղասպանությունն իրագործած մեր պատմական ախոյանի մտացածին «տոնակատարությանը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1569344599998145&id=100007678606149&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել