Doctors.am-ը գրում է․
Բարեկազմության գրավական

 

Ժամանակակից գիտնականները միակարծիք են՝ նախաճաշից հրաժարվելը ճարպակալման հիմնական պատճառներից մեկն է: Ըստ վիճակագրության ամեն առավոտ նախաճաշող մարդկանց մետաբոլիզմը 3-4%-ով ավելի արագ է կատարվում, քան միջին վիճակագրական մարդու մոտ, իսկ չնախաճաշողներինը՝ 5-6%-ով ավելի դանդաղ է միջին ցուցանիշից: Իսկ դա նշանակում է, որ առավոտյան սննդի ընդունումից հրաժարվողները յուրաքանչյուր տարի գիրանում են 3-6 կգ-ով:

 

Պատճառը պարզ է. նախաճաշին չստանալով անհրաժեշտ նյութերը՝ օրգանիզմն իրենը կստանա ճաշին և կստիպի կուշտ ուտել երեկոյան՝ քնելուց առաջ: Ավելորդ քաշից զատ, այս ամենն առավոտյան կհանգեցնի ևս մեկ տհաճությանը՝ այսպես կոչված «առավոտյան խումհարի», երբ դուք պարզապես չեք ցանկանա որևէ բան ուտել: Ավելի լավ չէ՞ փոխարինել կուշտ ընթրիքը լիարժեք նախաճաշով:

 

Ինչպես պնդում է սննդաբանների մեծ մասը, առավոտյան ընդունած կալորիաները երբեք չեն վերածվում ճարպի, այլ ամբողջովին այրվում են: Բացի այդ, հենց նախաճաշն է թույլ տալիս օրվա ընթացքում վերահսկել քաղցի զգացումը: Օրինակ, եթե նախաճաշին ձու ուտեք, ապա երկար ժամանակ հագեցած կլինեք և հետևաբար օրվա ընթացքում ավելի քիչ կուտեք: Իսկ եթե նախաճաշին ուտեք բրինձ, հնդկացորեն կամ վարսակ, ապա օրվա ընթացքում ավելի քիչ քաղցր և ճարպոտ սնունդ կընդունեք:

 

Սրտի և անոթների առողջություն

 

Մասնագետների մեծ մասը պնդում է, որ նախաճաշը նվազեցնում է թրոմբոցիտների և խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, հետևաբար, սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը նվազում է: 

 

Ուղեղի լավագույն օգնական

 

Առավոտյան սնվելը ծայրահեղ անհրաժեշտ է մեր ուղեղին ուշադրությունը և հիշողությունը լավացնելու համար: Սննդի հետ չստանալով սննդարար նյութերի բավարար քանակություն՝ մեր ուղեղը պարզապես կհրաժարվի աշխատել կամ իր համար սովորական աշխատանքը 2-3 անգամ ավելի դանդաղ կկատարի:

 

Հիշեցնենք, որ ուղեղի աշխատանքի համար պահանջվում են բացառապես ածխաջրեր, ցանկալի է «դանդաղ» ածխաջրեր, որոնք երկար ժամանակ տալիս են հագեցվածության զգացում: Դրանցից են շիլաները, ինչպես նաև բրդուճներ՝ կարծր տեսակի ալյուրից պատրաստած հացով:

 

Վստահելի պահապան սթրեսից

 

Նախաճաշը, լիցքավորելով մեզ բավարար քանակությամբ էներգիայով, հանքային նյութերով և վիտամիններով, օգնում է պայքարել սթրեսի դեմ, որն ամեն քայլափոխին մեզ է սպասում:

 

Իմունիտետի լավագույն պաշտպան

 

Բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցել են աղիքային միկրոֆլորայի դերը կայուն իմունիտետի ձևավորման ընթացքում, հաստատում են, որ «ճիշտ» նախաճաշը, որը պարունակում է բավարար քանակությամբ պրե և պրոբիոտիկներ, ինչպես նաև բջջանք, օգնում է մեր միկրոօրգանիզմներին պայքարել վարակի դեմ և պաշտպանել մեզ զանազան հիվանդություններից: Գիտնականները պնդում են, որ մարդը, ով սովոր է նախաճաշել, ավելի ամուր իմունիտետ ունի՝ համեմատած առավոտյան չսնվող մարդկանց հետ:

 

Լեղաքարային հիվանդության կանխարգելում

 

Սնվելու միջև երկարատև ընդմիջումները հանգեցնում են նրան, որ լեղին լեղուղիներում և լեղապարկում թանձրանում և լճանում է, ինչը հղի է ավազի և քարերի առաջացմամբ: Ահա թե ինչու է նվազագույն քանակությամբ ճարպ պարունակող նախաճաշը լեղաքարային հիվանդության լավագույն կանխարգելիչը:

 

Օրգանիզմի զարթուցիչ

 

Զարմանալի օրինաչափություն՝ որքան ավելի շուտ եք դուք նախաճաշում, այդքան ավելի վաղ է ձեր օրգանիզմն  արթնանում և սկսում աշխատել: Նույնիսկ եթե դուք առավոտյան մարմնամարզություն չանեք, ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի կատարել միևնույն աշխատանքը, եթե դուք նախաճաշեք:

 

Տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոց

 

Ոչինչ այդպես չի բարձրացնում տրամադրությունը, որքան համեղ նախաճաշն ու թարմ սուրճի բույրը: Բացի դրանից, առավոտյան նախաճաշն օգնում է հանգիստ միջավայրում հավաքել մտքերը և տրամադրվել առաջիկա օրվան:

 

Ուշադրության բարձրացման համար

 

Գիտնականների ևս մեկ զարմանալի ուսումնասիրություն: Ամերիկացիները պարզել են, որ, ըստ վիճակագրության, կանոնավոր կերպով նախաճաշող մարդիկ ավելի հազվադեպ են ենթարկվում ավտովթարների: Դրա պատճառն ուղեղի կանոնավոր առավոտյան «լիցքավորումն» է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել